«Ժողովուրդ». Գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը իրական գլխացավանք է դարձել վարորդների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը, համաձայն որի` տրանսպորտային միջոցը վկայագրված չլինելու դեպքում չի կարող լիցքավորվել, իրական գլխացավանք է դարձել վարորդների համար: «Ժողովուրդ» օրաթերթը օրերս էր գրել, որ վկայագրեր տրամադրող լցաճնշակայանները գործարանային բալոն ունեցող մեքենաներին հրաժարվում են սպասարկել, հետևաբար նաև՝ վկայագիր տրամադրել:
Այժմ էլ պարզվում է, որ լցաճնշակայաններից շատերը (ըստ երևույթին մեծ հերթերից խուսափելու համար) վարորդին առաջարկում են ինքնուրույն քանդել, առանձնացնել մեքենայի բալոնը, այն հասցնել լցաճնշակայան, փորձաքննության ենթարկել, ապա հետ տանել ու էլի ինքնուրույն տեղադրել մեքենայի վրա:
Ստացվում է՝ կայանները հավելյալ գործ չանելու ու ժամանակ խնայելու պատճառով միայն բալոնի ճնշման փորձաքննություն են ցանկանում իրականացնել: Ու եթե, Աստված չանի, վարորդները հետևեն լցաճնշակայանների աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ խորհրդին, ապա չի բացառվում, որ ողբերգական դեպքերից խուսափելու պատրվակով մարդկանց վզին փաթաթված թերի օրենքի կիրառումը հենց տխուր վերջաբանով ավարտվի:
Նախ՝ դժվար թե վարորդները կարողանան նույնպիսի ճշգրտությամբ հանել, ապա նորից տեղադրել մեքենաների բալոնը: Եվ երկրորդ՝ չի բացառվում, որ քաղաքացին անգամ չհանի մեքենայի գազաբալոնն ու բոլորովին մեկ այլ բալոն մոտեցնի կայան, վկայագիր ստանա: Ո՞վ է իմանալու՝ վարորդը հենց մեքենայի, թե, ենթադրենք, իր ավտոտնակում պահած մեկ այլ բալոն էր փորձաքննության տարել:
Նախարարությունը, որ վստահեցնում է, թե գազաբալոնների վկայագրման ժամկետներն այս անգամ չեն փոխվելու, նախևառաջ պետք է օրենքի բացերն ու գործընթացի հետ կապված բոլոր թերացումները վերացնի, այլապես այս ամենն ավարտվելու է գազալցակայանի աշխատակիցների ու վարորդների ամենօրյա ու չավարտվող վեճ-կռիվներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա