Հասմիկ Պապյանն ու Ռուբեն Ղազարյանը՝ նույն բեմում
Հուլիսի 29-ին օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ելույթ կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երգչուհուն կնվագակցի Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան)։ Համերգը կղեկավարի գերմանահայ հայտնի դիրիժոր Ռուբեն Ղազարյանը:
Համերգին կհնչի՝ Բենջամեն Բրիտտեն՝ Պարզ սիմֆոնիա, Օտտորինո Ռեսպիգի՝ Il Tramonto, Կոմիտաս՝ «Կանչե, Կռունկ»; «Գարուն ա»; «Հով արեք, սարեր ջան», Անտոն Արենսկի՝ Լարային քառյակ «Պ.Ի.Չայկովսկու հիշատակին» op. 35a։
ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը իր փայլուն ստեղծագործական գործունեության ընթացքում ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր բեմերում, ինչպիսիք են՝ Մետրոպոլիտեն օպերան և Կարնեգի Հոլլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու Մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Լոնդոնի Վիգմոր Հոլլը, Վիեննայի պետական օպերան և Մուսիկֆերայնը, Ամստերդամի Նիդեռլանդական օպերան, Ցյուրիխի օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մյունխենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաները:
Նա կատարումներ է ունեցել շատ նշանավոր դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռիկարդո Մուտին, Վալերի Գերգիևը, Ժորժ Պրետրեն, Միշել Պլասսոն, Մարսելո Վիոտտին, Մաուրիցիո Արենան, Մյունգ-Վհուն Չունգը, Գենադի Ռոժդեստվենսկին, Պլասիդո Դոմինգոն, Լեոնարդ Սլատկինը, Ջեյմս Մորիսը և Ջեյմս Կոնլոնը։
The Washington Post թերթը նրան անվանել է «Լավագույն Նորմա»։
Իր մենահամերգների ժամանակ նա մշտապես ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների երաժշտությունը: 2006 թվականին թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով՝ այդ թվում նաև գերմանական պոեզիայով գրված ինը երգերը, որոնք ընդհանրապես կատարվել են առաջին անգամ։
Ռուբեն Ղազարյանը ներկայումս հանդիսանում է «Ալթենբուրգ Գերա» թատրոնի գլխավոր երաժշտական ղեկավարը:
Մինչ այդ նա տասնվեց տարի եղել է Վյուրթեմբերգի Հեյլբրոն կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը՝ իրականացնելով 860 համերգ և թողարկելով 26 ձայնասկավառակ: Զուգահեռաբար Ղազարյանը հանդիսացել է Ինգոլշտադտի վրացական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը։
Որպես հրավիրյալ դիրիժոր Ռուբեն Ղազարյանը ղեկավարել է հայտնի նվագախմբեր, այդ թվում՝ Շտուտգարտի ռադիոի, Քյոլնի, Ֆրանկֆուրտի, Համբուրգի, Բեռլինի, Լիոնի, Երուսաղեմի, Թել Ավիվի, Բելգրադի, Ցյուրիխի սմֆոնիկ նվագախմբերը և այլն։
Նա նաև իրականացվրել է բազմաթիվ կենդանի և ստուդիական ձայնագրություններ Գերմանիայի, Իտալիայի, ֆրանսիայի, Դանիայի ռադիոընկերություններում։
Ղազարյանը հաջողությամբ համագործակցում է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Խաթիա Բունիաթիշվիլին, Գոտյե և Ռենո Կապյուսոնները, Ջուլիա Ֆիշերը, Հիլարի Հանը և այլն: