Հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները
2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով ի թիվս այլնի.
1. սահմանվում է ակցիայի հասկացությունը և դրա տեսակները.
2. սահմանվում է զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները։ Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ երեք ամիս, զեղչի հաշվարկման ելակետային գինը և այլն.
3. տարանջատվում են զեղչը և գնի քաղաքականության փոփոխությունը.
4. հստակեցվում են ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ հրապարակման բովանդակության նվազագույն պահանջները, հրապարակման տառաչափը, ակցիայի և դրա վերաբերյալ իրազեկման դադարեցման պայմանները.
5. նախատեսվում է, որ միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիան իրականացնողի մոտ առկա ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ նշված կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 31-ից հետո հայտարարվող ակցիաների վրա։
«Կարևոր է ընդգծել նաև, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն կարող է նշանակել տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով:
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166207»,- հայտնում են հանձնաժողովից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա