Պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիսն իր առջև նպատակ է դրել՝ չի հուսահատվելու երբեք
Պատերազմը փոխում է մարդկանց, նրանց կյանքն ու երազանքները: 44-օրյա պատերազմում արցախցի Սարգիս Հարությունյանը կորցրեց ընկերներին, զրկվեց երկու ոտքից, բայց դեռ հոսպիտալում իր առջև նպատակ դրեց՝ չի հուսահատվելու, պայքարելու է ու միայն առաջ է շարժվելու։
Սարգիսը ծնվել է Արցախի Շուհումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում, որը գտնվում է Քարվաճառից մոտ 70 կմ հեռավորության վրա։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան, որտեղ երկու տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ։
1,5 տարվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Ծառայել է Մարտակերտում, մարտական հերթապահությունն անցել է Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրքում: Սեպտեմբերի 27-ին հերթապահ էր, երբ տագնապ տվեցին, Սարգիսն ու զինակից ընկերները մտածել են, որ դա հերթականն է, սակայն քիչ հետո սկսել են զորամասը ռմբակոծել։
Սկզբից զորքը տեղափոխել են թաքստոցներ, երկու-երեք ժամ հետո դուրս են եկել այնտեղից ու տեղափոխվել դիրքեր։ Մինչև ոկտեմբերի 22-ը եղել է Մարտակերտի դիրքերում, հետո գումարտակը տեղափոխել են Մարտունի, ապա՝ Ճարտար ու մինչև պատերազմի ավարտը մնացել է այնտեղ։
Հոկտեմբերի 28-ին Սարգիսն իր վերջին կռիվը տվեց։ «Շատ զոհեր ենք ունեցել, բայց մինչև վերջ մնացել ենք մեր դիրքում»,- ասում է նա։
Վիրավորվելուց հետո նրան տեղափոխում են Մարտունու հոսպիտալ, սակայն ճանապարհին շտապօգնության մեքենան շրջվում է, մեծ դժվարությամբ երկրորդ մեքենայով հասցնում են հիվանդանոց։ Սարգիսն այդ օրը հիշում է բոլոր մանրամասներով, գիտակցությունը տեղն է եղել։ Երբ հոսպիտալում ասում են, որ փրկվել է, դրանից հետո միայն կորցրել է գիտակցությունը։ Աչքերը բացել է Ստեփանակերտի հիվանդանոցում, երկու օր հետո նրան տեղափոխել են Երևան։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում մնացել է մինչև նոյեմբերի 21-ը, որտեղ տարել է երեք վիրահատություն։
Պատերազմի դժոխային օրերի մասին փորձում է չհիշել, ցավը խեղդում է, երբ մտաբերում է կորցրած ընկերներին...։ Փորձում է առաջ նայել ու պայքարել։
Փոխգնդապետ, ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանի հետ ծանոթությունն արցախցու համար ճակատագրական եղավ։ Նրա շնորհիվ ոչ միայն հաղթահարեց հոգեբանական խնդիրները, այլև պրոթեզավորվելուց հետո սկսեց հաճախել Սարգիս Ստեփանյանի հիմնած մարզասրահ, վերականգնվել, իսկ հետո արդեն սկսեց մրցումների մասնակցել։
«Սարգիս Ստեփանյանի հետ առաջին իսկ հանդիպումը շատ բան փոխեց իմ կյանքում։ Նրա շնորհիվ սկսեցի այլ կերպ նայել կյանքին։ Պրոթեզավորումից հետո սկսեցի վերականգնվել և ուժերս փորձել բազկամարտում։ Ոչ միայն ես, այլև իմ շատ ընկերներ նրա օրինակով առաջ շարժվեցինք։ Չգիտեմ ինչ կլիներ, եթե իրան չճանաչեի, արդյոք կկարողանայի այդքան շուտ հաղթահարել հոգեբանական խնդիրները։ Մինչև պատերազմը սպորտով չեմ զբաղվել, բայց հիմա կյանքս առանց սպորտի չեմ պատկերացնում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Սարգիս Հարությունյանը։
Նա մասնակցել է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմակերպած բազկամարտի առաջնությունների՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Հետո արդեն ուժերը փորձել է աշխարհի, Եվրոպայի առաջնություններում։
Բուխարեստում կայացած հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունում Սարգիս Հարությունյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով թուրք մարզիկին։
Հաջորդ մրցումները տեղի կունենան սեպետմբերին Թուրքիայում։ «Անպայման պետք է հաղթենք։ Թուրքին հաղթել եմ, այնպես պետք է անենք, որ Թուրքիայում էլ հաղթենք»,- ասում է Սարգիսը։
Արցախցի մարզիկն այժմ մտածում է սպորտում ավելի մեծ հաջողություններ գրանցելու մասին։ Չի բացառում, որ հետագայում էլ որպես մարզիչ աշխատի։ Իսկ իր ապագան տեսնում է Արցախում։
Սարգիսն ամուսնացել է ամիսներ առաջ։ Կինը՝ Տաթևը, նույնպես Արցախից է։ Միասին փորձում են թև-թիկունք լինել ու հաղթահարել առկա դժվարությունները։ Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ կորցրել է ինչպես ծառայակից, այնպես էլ մանկության, պատանեկության ընկերներին, զոհվել է նաև կնոջ եղբայրը։ Սարգիսն ու Տաթևը երազում են ապրել և զավակներ ունենալ իրենց ծննդավայրում։ Ակնաբերդում էլ այսօր Սարգսի ծնողները որդու համար տուն են կառուցում։
«Ես միայն Արցախում եմ ինձ լավ զգում ու պետք է վերադառնամ։ Իմ երեխաները պետք է Արցախում ապրեն։ Թշնամու ներկայությունը ժամանակի հարց է։ Թուրքը մեր հողում տեղ չունի, հիմա է Արցախում, բայց հետո չի լինելու»,- ասում է Սարգիսը։
Լուսանկարները՝ Սարգիս Հարությունյանի անձնական արխիվից և Panorama.am-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում