Վերդիի «Օթելլո»-ն վերադառնում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ` աստղային կազմով
Հուլիսի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարումը ՝ համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ. Օթելլո՝ Արսեն Սողոմոնյան, Դեզդեմոնա՝ Լիանա Ալեքսանյան, Յագո՝ Վլադիսլավ Սուլիմսկի, նաև՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան, Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից։
«Օթելլո»-ն Վերդիի ռեալիստական ժանրի բարձրագույն ձեռքբերումներից է, համաշխարհային դասական օպերայի լավագույն ստեղծագործություններից մեկը: Կոմպոզիտորին հաջողվել է փոխանցել շեքսպիրյան ողբերգության իրական ոգին, թեև, երաժշտական դրամատուրգիայի օրենքների համաձայն, այստեղ բացակայում են մի շարք տեսարաններ: Օպերայում իրադարձությունները զարգանում են ավելի խիտ և սրընթաց, իսկ կերպարների և դրամատիկ իրավիճակների հակադրությունն ավելի կտրուկ է: Այս երաժշտական ողբերգությունը ցնցում է իր ճշմարտացիությամբ և մարդկային կերպարների խորությամբ: Արտակարգ ռելյեֆայնությամբ և զորեղ դրամատիզմով է ներկայացված Օթելլոյի երաժշտական կերպարը՝ հերոսի և ռազմիկի, կրքոտ, սիրող ամուսնու, վստահող և միևնույն ժամանակ իր կատաղության մեջ խելահեղ մարդու, ինչպես նաև հեզ ու մաքուր Դեզդեմոնան և նենգ Յագոն, ով ոտնահարում է բոլոր բարոյական օրենքները:
Երգչախմբային հատվածները լրացնում են գլխավոր հերոսների կերպարները՝ արտահայտելով ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ: Օպերայում կարևոր դեր է խաղում նվագախումբը, որը փոխանցում է իրադարձությունների հուզական մթնոլորտը՝ հոգեբանական երանգների բացառիկ հարստությամբ։
Օթելլոյի դերում հանդս եկող Արսեն Սողոմոնյանը, այս դերերգով հանդես է եկել շուրջ քսանհինգ անգամ՝աշխարհի լավագույն օպերային թատրոններում: Սողոմոնյանի ձայնը հազվագյուտ, հերոսական տենոր է և նա դրամատիկ տենորի երկացանկի ամենապահանջված օպերային երգիչներից է: Լիանա Ալեքսանյանը, ով հանդես կգա Դեզդեմոնայի դերերգով, իր սերնդի ամենավառ սոպրանոներից է: Նրա փայլուն ելույթների աշխարհագրությունն ընգրկում է Միլանի Լա Սկալան, Բուենոս Այրեսի Կոլոնը, Իտալիայի, Գերմանիայի, Չինաստանի ու Հարավային Կորեայի լավագույն օպերային թատրոններն ու համերգասրահները: GRAMMY հավակնորդ (2009), բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող ռուս անվանի բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին կկերտի Յագոյի կերպարը: Սուլիմսկին այսօր աշխարհի առաջատար դրամատիկ բարիտոններից է, ով հատկապես հայտնի է Վերդիի դրամատիկ բարիտոնի բարդագույն դերերգերի կատարումներով:
Յագոյի տիկնոջ դերերգով հանդես կգա մեցցո սոպրանո Բելլա Ամարյանը, Կասսիոյի կերպարը կմարմնավորի տենոր Տիգրան Հակոբյանը, Ռոդրիգո՝ Հայկ Թոնգուրյան (տենոր), Լոդովիկո՝ Հայկ Տիգրանյան (բաս), Մոնտանո՝ Աշոտ Ղանթարջյան (բարիտոն):
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ՝ «Օթելլո»-ն հնչել է նաև 2018/2019թ.-ի համերգաշրջանի փակմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան