Կարծախում նշվել է Աշուղ Ջիվանու օրը
Հուլիսի 23-ին, կորոնավիրուսի հետ կապված երկամյա ընդմիջումից հետո, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում նշվել է մեծ ճանաչում ունեցող Աշուղ Ջիվանու տոնը։
Ջիվանու օրը, որը նշվում է ամեն տարվա հուլիսի վերջին, Կարծախ են գալիս կարծախցիները տարբեր երկրներից, հյուրեր Հայաստանից և Վրաստանից, նրա ստեղծագործության սիրահարները։
Ջավախքում վաղուց ավանդույթ է դարձել հայ մեծ Աշուղ Ջիվանու հիշատակին նվիրված տոնը մեծ շուքով նշելը։ Jnews-ը գրում է, որ տոնակատարությունը սկսվել է գյուղում տեղադրված Աշուղ Ջիվանու հուշարձանին ծաղիկներ խոնարհելով։
Այնուհետեւ հյուրերը ուղևորվել են մեծն կարծախցու տուն-թանգարան, այնուհետև կայացել է տոնակատարության համերգային մասը: Մեծ աշուղի հիշատակին նվիրված օրը կրկին հնչել են նրա երգերն ու երաժշտությունը։ Ելույթ է ունեցել Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» անսամբլը (գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյան)։
Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, 1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։ Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին: Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան ելևէջումներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները