ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը չմեկնաբանեց Թուրքիայի նախագահի հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի սահմանները:
«Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»,- «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, ասել է Էրդողանը։
Ասուլիսում ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանից լրագրողը հետաքրքրվեց՝ որպես քաղաքական թիմի անդամ ինչի՞ հետ է Նիկոլ Փաշինյանը համաձայնվել, ի՞նչ կոնկրետ գաղափարներ է կիսում, որի մասին Էրդողանը նշել է, արդյո՞ք դա վերաբերում է հայտնի թեզերին, որոնք թուրք-ադրբեջանական կողմն առաջ է քաշում՝ «Զանգեզուրի» միջանցքի բացում, ամբողջական Արցախ՝ Ադրբեջանի կազմում։
«Ես կարծում եմ այս հարցերին բազմիցս պատասխանվել է։ Որևէ նորություն այստեղից չի հնչելու։ Որևէ հիմք չի կարող առկա լինել մտածելու, ենթադրելու, պնդելու, թե հայկական կողմը երբևէ որևէ պարագայում կարող է նույնիսկ քննարկման առարկա դիտարկել որպես Զանգեզուրի միջանցքը, հետևաբար խնդրում եմ՝ կլինի Թուրքիայի, Ադրբեջանի որևէ պաշտոնյանի կողմից որևէ հայտարարություն, որն առնչվում է «Զանգեզուրի» միջանցքին, որևէ դրվագի, որը կարող է առնչվել մեր երկկողմ հարաբերություններին, որը չի հաստատվում հայկական կողմից, ընդամենը անտեսել»,- արձագանքեց Աղաջանյանը։
Լրագրողը կրկնեց Էրդողանի հայտարարությունը՝ «Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն», սա ի՞նչ է նշանակում, ի՞նչն է կիսում Փաշինյանը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես էրդողանի հայտարարությունները չեմ կարող մեկնաբանել և չեմ էլ ուզում, կարծում եմ՝ այդ հարցադրումները պետք է ուղարկվեն իրենց գրասենյակ ու փորձել հասկանալ՝ ինչի մասին է խոսքը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ամենևին չի նշանակում Էրդողանի դրական մոտեցումները Հայաստանի հանդեպ. Ռուբեն Մելքոնյան
- Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին