«Ժողովուրդ». Որտեղ կքննվի Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չքննվի: Հնարավոր է՝ դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթից գործի քննությունը տեղափոխվի Հակակոռուպցիոն դատարան, և քննությունը շարունակվի նոր դատարանում: Այս հարցը քննարկվում է դատական համակարգում, և տեղափոխման հարցն էլ առաջ է քաշվել Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո։
Չի բացառվում, որ դատավոր Մանվել Շահվերդյանի՝ դատական նիստերը ուշ-ուշ նշանակելու և տարբեր պատճառաբանություններով նիստերը հետաձգելու գործելաոճը հենց այդ հանգամանքով էր պայմանավորված: Ինչպես հայտնի է, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով հունիսի 27-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ:
Դրանից հետո ակնկալվում էր, որ հաջորդ դատական նիստը պետք է նշանակվեր ամենասեղմ ժամկետներում, մինչդեռ պարզվեց, որ դատավոր Մ. Շահվերդյանը այս անգամ էլ մեկնել է ամենամյա արձակուրդ, հաջորդ դատական նիստն էլ նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 8-ին, այսինքն՝ կայացած նախորդ դատական նիստից շուրջ 2 ամիս հետո: Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստերը մեկնարկել են հունվարից, և անցած 6 ամիսների ընթացքում այս գործով «ամբողջական և նորմալ» դատական նիստ չի անցկացվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան