Օդային ճանապարհով փորձ է արվել Թուրքիայից Հայաստան ներմուծել չգրանցված դեղորայք. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը չգրանցված դեղերի և դեղագործական արտադրանքի՝ Հայաստանի սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում հայտնաբերել և կանխել են ՀՀ-ում չգրանցված տարբեր տեսակի դեղամիջոցների անօրինական ներմուծումը:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Թուրքիայից Հայաստան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ։ Իրականացված հսկողության արդյունքում վերջիններիս պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել է լատինատառ գրառումներով տարբեր տեսակի չգրանցված դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր,իսկ վերոնշյալ քաղաքացիների անձնական զննման արդյունքում՝ բաճկոնների ներքին գրպաններից, հայտնաբերվել ենմաքսային հսկողությունից թաքցված օնկոլոգիական դեղեր:
Նշված դեպքերով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ և 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: