Այս տարի մենք ունենք անբարեխիղճ մրցակցության դեպքերի բավականին աճ. Տիգրան Մարկոսյան
«Վերջին տարիներին 10-ական գործ ենք ունեցել ակցիաների և զեղչերի անբարեխիղճ մրցակցության փաստերով, եթե մեր տնտեսվարողներն իրենց վարքագիծը չփոխեն, ապա քանակն աննախադեպ շատ է լինելու»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:
Նա վստահեցրեց, որ նման երևույթների դեմ ՄՊՀ-ն միշտ է պայքարել, բայց ընդհանուր կարգավորումների՝ անբարեխիղճ մրցակցության, ինչպես նաև հասարակության մոլորեցման նորմերի շրջանակներում:
Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ հանձնաժաողովը խնդիրներ է ունեցել դատարաններում նման դեպքերի քննության ժամանակ, քանի որ տնտեսվարողները տարբեր պատճառաբանություններ են բերել, որոնց իրավական պատասխան տալը բարդ է եղել, դրա համար էլ անհրաժեշտություն է առաջացել զեղչերի ոլորտը կարգավորել առանձին օրենսդրական փաթեթով՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի և Հարկային օրենսգրքի փոփոխություններով:
«Այս տարի մենք ունենք անբարեխիղճ մրցակցության դեպքերի բավականին աճ, ի տարբերություն նախորդ տարիների վիճակագրության»,-պատասխանելով լրագրողի հարցին՝ տեղեկացրեց Տիգրան Մարկոսյանը և շտապեց ճշգրտել, որ այն վերջանական պաշտոնական տվյալ չէ, իսկ ամփոփիչ արդյունքները կներկայացվեն տարին ավարտելուց հետո:
ՄՊՀ անդամը գտնում է, որ դեպքերի աճը և՛ լավ է, և՛ վատ:
«Լավ է այն առումով, որ քանակ կա, բայց մյուս կողմից սա կարող է նշանակել, որ գործ ենք ունեցել նախկինում եղած լատենտայնության՝ թաքնված իրավախախտումների հետ, երբ երևույթը եղել է, բայց դրա մասին չի բարձրաձայնվել կամ չի որակվել որպես այդպիսին՝ ինչը կնշանակի, որ այդ խախտումները դեպքերի աճի մասին չեն խոսում, այլ՝ բացահայտումների»,-ասաց Տիգրան Մարկոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Զեղչերով գնորդներին խաբող տնտեսվարողները հուլիսի 31-ից կտուգանվեն
- Հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները