Հադրութի իմ տունն եմ ուզում կամ փոխհատուցում այստեղ բնակարան գնելու համար. Ակցիա՝ կառավարության մոտ
Արցախից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են անում։
«Մենք պայքար ենք մղում մեր ժողովրդի համար, մեր հայ ժողովրդի համար, չնայած այստեղ հավաքվում են Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի փախստականների մի չնչին մասը, բայց դա մեզ չի հոգնեցնում»,- կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
Նա նշեց, որ իրենք ունեն պահանջներ ու հարցեր Հայաստանի իշխանություններին։ Հայրյանը կրկնեց իրենց պահանջները։ Նախ, Արցախի հայկական կարգավիճակ։
«Արցախի հայկական կարգավիճակը պետք չէ մեզ՝ փախստականներիս, արցախցիներիս, պետք է Արցախից մինչև Լոս Անջելես ողջ հայությանը։ Չկա Արցախի հայկական կարգավիճակ, հսկա դեմոկլյան սուր կախվում է հայկական ինքնության վրա, հայկական ինքնությունն է վտանգված առանց Արցախի անկախության»,- ասաց Հայրյանը։
Նա նշեց, որ երկրորդ պահանջն է փախստականի կարգավիճակի ճշտում։
«Փախստականի կարգավիճակի ճշտումը մեզ համար խորքում կապվում է Արցախի կարգավիճակի հետ, որովհետև այդ փախստականի վիճակը, որում հայտնվել ենք, առաջացել է Արցախի անկախության, Արցախի սուվիրենիտետի վթարվելուց, վնասվելուց։ Ինչո՞ւ է վնասվել Արցախի սուվիրենիտետը։ Կարող են պատասխանել Հայաստանի իշխանությունները։ Իրենք սիրում են ասել՝ Հայաստանի իշխանություն, Արցախի իշխանություն։
Սիրում են ասել՝ կա Հայաստանի իշխանություն, Արցախի իշխանություն, բայց հետաքրքիր տարանջատում է կատարվում․ երբ Արցախի հողերը զիջելու, Աղավնոն, Բերձորը դատարկելու հարց է առաջանում, հարցերը լուծումը է Նիկոլ Փաշինյանը, երբ Արցախում հայտնված փախստականները դիմում են բնակարանային, սոցիալական հարցերով, ասում են՝ դիմել Արայիկ Հարությունյանին»,- ասաց Լ.Հայրյանը։
Երրորդ պահանջն է՝ Հայաստանի տարածքում փախստականների համար հավաքական համայք կառուցել։
«Չորրորդի ուղղությամբ ոնց որ հաջողություն է սպասվում. որոշել են 40-հազարական աջակցություն տալ, հստակ նշված է մինչև այդ անձին բնակարանով չապահովեն»,- ասաց նա։
Լ.Հայրյանն ընդգծեց, որ իրենք այստեղ են այս պահանջները ներկայացնելու կառավարությանը. «Ուզում ենք ստանալ այս հարցերի պատասխանները՝ մեզ տանելո՞ւ են Արցախ, թե՞ ոչ։ Եթե ոչ, ինչո՞ւ։ Փախստականի կարգավիճակ տալո՞ւ են, թե՞ ոչ։ Եթե ոչ, ինչո՞ւ։ Մեզ ապահովելո՞ւ են բնակարաններով, թե՞ ոչ։ Եթե ոչ, ինչո՞ւ։ Եթե կառավարությունը մեր հարցերը չի պատրաստվում լուծել, արդյո՞ք պատրաստվում է մեզ արտահանձնի որևէ չորրորդ պետության, դա էլ պետք է իրենց դեմը դնենք»,- ասաց նա։
Հադրութից տեղահանված մի կին նշեց, որ իրենք իրենց կամքով չեն այստեղ, իրենց հանել են իրենց տներից, իրենց պահանջն է՝ տուն, Հադրութը տան, վերադառնան իրենց տուն, եթե ոչ, ապա փոխհատուցում։
«Մեր Հադրութի տները մեզ տան, մենք գնանք, այստեղ չենք կարողանում ապրել։ Բնակարանների վարձերը բարձր են։ Հադրութի մեր տները մեզ չեն տալիս, գոնե տների փոխհատուցումը տան, այստեղ առնենք, կամ տուն տան մեզ այստեղ։
Թող մեր Հադրութը վերադարձնեն, գնանք մեր տներում ապրենք։ Հադրութն էլ են տվել, նվիրել, ինչպես Շուշին։ Մեզ տնից հանել են, ոչ թե մենք ենք դուրս եկել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի կառավարությունը մեր հարցերով ընդհանրապես չի զբաղվում. հադրութցի
- Մեզ կոչ են անում վերադառնալ Արցախ, երբ որ այդ գյուղերը նորից տալիս են. բռնագաղթած հադրութցի
- Հադրութ համայնքի ղեկավար. Հադրութցիների տվյալների համակարգ է անհրաժեշտ
- Հադրութցի կին. Թողել եմ ամենալավ վարձատրվող աշխատանքը, գլուխս առել փախել, որ չխելագարվեի
- ՀՀ քաղաքական շրջանակներին խնդրում ենք լինեն ավելի ակտիվ թշնամուն արձագանքելու հարցում. Հադրութցի կին գործիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին