526 զինծառայողի կհատկացվի արտոնյալ վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք
«Որոշմամբ նախատեսվում է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի, պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու, կամ կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ երկարաժամկետ հիփոթեքային վարկային ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022 թ. շրջանակներում դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին»,-կառավարության նիստում հայտնեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով նախագիծը:
Նրա խոսքով՝ որոշման ընդունման դեպքում 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք:
Ըստ փոխնախարարի՝ ծրագրից օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թ. հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և այն ավարտելուց հետո զինվորական ծառայության անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ այն ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում:
Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ պարզաբանեց, որ նախագիծը վերաբերում է զինծառայողներին աջակցող ծրագրին, որով նախատեսվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 10 %-ի և վարկի 7 %-ը կազմող տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորում պետության կողմից:
Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին ծրագրից օգտվելու համար դիմել էր 1018 զինծառայող, նրանցից 492-ին տեղեկանք է տրվել վիճակահանության և առաջնահերթության գնահատման արդյունքում, իսկ քննարկվող որոշման ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողին ևս կհատկացվեն տեղեկանքներ:
Կառավարությունը հաստատաեց նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի համար նոր վերելակ գնելու նպատակով
- Կառավարությունը բյուջեից փոխհատուցեց Գագիկ Ծառուկյանի խաղատան կուտակած 4.2 մլրդ դրամ տուգանքը
- Կառավարությունը հանրության գերակա շահ համարեց Սյունիքի բնակիչների 570 միավոր հողամասերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան