Արդարադատության նախարարությունը և կառավարությունը կապ չունեն խափանման միջոցի կամ կալանավորման հետ. Կարեն Անդրեասյան
«Չեն եղել լուրջ բողոքներ, որպեսզի վերանայվի Արմեն Գրիգորյանի խափանման միջոցը»,- կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով դատարանում պրոդյուսերի մահվան փաստին վերաբերող հարցին:
Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում չի եղել նաև Արմեն Գրիգորյանին վերաբերող բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել:
Նախարարը հավաստիացրեց, որ կալանավայրում եղած առողջապահական ռեսուրսը բավարար է, որ ոչ մի ազատազրկված անձ չունենա առողջական խնդիր:
«Այլ խնդիր է, որ ցանկացած ողբերգություն պետք է նաև ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում` դատարաններին, էլ ավելի ուշադիր նայել, երբ բողոքներ կան ազատազրկված անձանցից»,-ասաց Անդրեասյանը և հույս հայտնեց, որ առանձին մարդիկ չեն շահարկի կամ չարաշահի որևէ ողբերգություն, որպեսզի կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից:
Նախարարը նաև վստահեցրել է, որ բժիշկների ուշադրությունից ոչ մի կալանավորված անձ դուրս չի մնում:
Անդրադառնալով կալանավորվածների խափանման միջոցի, կալանավորման և ազատ արձակման ընթացակարգերին՝ Անդրեասյանը հայտարարեց, որ Արդարադատության նախարարությունը և կառավարությունը կապ չունեն դրա հետ, պատասխանատուն դատական իշխանությունն է:
Նա դրական համարեց կալանքը գրավով փոխարինելու պրակտիկայի ներմուծումը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցին՝ Կարեն Անդրեասյանն ասաց. «Հիմա հանձնաժողովն ակտիվ աշխատում է մարզերում և Երևանում տարբեր հանդիպումների շրջանակով, նրա հինգ անդամը կհավաքի ողջ խնդիրները և նաև լուծումները ու սեպտեմբերից կսկսեն ուղիղ եթերում ներկայացնել խորհրդին, մեզ, ձեզ, բոլորիս, և հատ առ հատ մենք այդ բոլոր խնդիրներին կանդրադառնանք»:
Նախարարը սակայն այդ գործընթացի ժամկետները չկարողացավ հաստատել:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ից ուղարկած Կապիկի ծաղիկի թեստերի օգտագործումից ստացել ենք միայն բացասական արդյունքներ. Անահիտ Ավանեսյան
- Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը դադարեցնում է անդամակցությունը Դատավորների միությանը
- Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հուլիսի 17-ին,Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում