Մարդու ճակատագրի խեղման մեջ ԵՄ դեսպանն առնվազն օժանդակող է․ Արամ Վարդևանյան
Այսօր Հայաստանում կան 2000-ից ավելի անազատության մեջ գտնվող անձիք։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ըստ պաշտոնյաների ՝ նրանցից 30 տոկոսից ավելիի դեպքում առկա են խրոնիկ հիվանդություններ։
«Միայն վերջին շրջանում մենք տեսանք, որ կալանավորների, քաղաքական հետապնդման ենթարկվողների առողջությունն ինչ վիճակի հասավ։ Մենք տեսանք տարածաշրջանում, Եվրոպական երկրների մասշտաբով աննախադեպ ծայրահեղ դեպք՝ դատարանում մարդու մահ, ապօրինի կալանավորված մարդու մահ։ Մենք տեսնում ենք քաղաքական հետապնդման ենթարկվածների առողջական վիճակի կտրուկ վատթարացում»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա այս ամենը խոսում է այն մասին, որ այս իշխանությունները կալանքը ոչ թե որպես մահակ, որպես ապօրինի ռեպրեսիվ գործիք են օգտագործում, այլ որպես մարդկանց առողջությունը քայքայելու, մարդկանց մահվան դուռը հասցնելու գործիք։
«ՀՀ-ում ԵՄ դեսպանը խոսում է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ, հետապնդման ենթարկվողներ իբր չկան։ Դուք պատկերացնում եք այդ մարդու իրականությունից կտրված ու այսօրվա իշխանություններին աջակցելու քաղաքականությունը։ Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքով մարդու ճակատագրի խեղման մեջ ԵՄ դեսպանն առնվազն օժանդակող է։ Ամոթ է»,- ընդգծեց Վարդևանյանը ՝ հավելելով, որ ԵՄ ցանկացած երկրում նման պայմաններում իշխանությունն ունի մեկ գործիք՝ համաներում է։
Նա նաև ընդգծեց, որ պայքարը շարունակվելու է և գնալու են մինչև վերջ։
«Այս պայքարը միայն օրվա իշխանությունների դեմ չէ։ Թուրքիայի ԱԳ նախարարը միայն առիթ է ման գալիս, որ գա ասի՝ ինչո՞ւ եք խանգարում այս իշխանություններին։ ադրբեջանի հատուկ ծառայություններն ասում են, որ մեզ կասեցնելու են, որ մեր նպատակին չհասնենք։ Դրա համար, ժողովուրդ ջան, բռունցքներս վեր և պայքա՛ր, պայքա՛ր»։