«Ժողովուրդ». Իշխանությունները գտել են պետբյուջեի միջոցները վատնելու հերթական տարբերակը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ այս տարվա ապրիլի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է տնտեսական քաղաքականության խորհուրդ: Խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով խորհրդի անդամներն այցելելու են Հայաստան, և, բնականաբար, նրանց այցի կապակցությամբ ճանապարհածախսի, կեցության, սննդի, արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսեր են կատարվելու պետբյուջեի հաշվին: Նախ՝ նշենք, որ խորհրդի անդամներից են նաև պրոֆեսորներ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից և այլ երկրներից, և հենց նրանց՝ Հայաստանում գտնվելու ծախսերն են հոգալու պետբյուջեի հաշվին:
Իսկ ինչո՞վ է զբաղվելու նորաստեղծ խորհուրդը։ «Ժողովուրդ» օրաթերթը խորհրդի գործունեության կարգի մեջ կարդում է. «Խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների, նախագծերի մշակումը և դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին»։
Իհարկե, առաջին հայացքից այս խորհուրդը կարող է կարևոր աշխատանք կատարել, սակայն, ինչպես հաճախ է կատարվում, կա՛մ ընդունված որոշումները կմնան թղթի վրա, կա՛մ էլ այդպես էլ որոշումներ չեն կայացվի, փոխարենը պետբյուջեից միջոցներ կծախսվեն՝ խորհրդի անդամներին այստեղ հյուրընկալելու համար: Փաստորեն, իշխանությունները գտել են պետբյուջեի միջոցները վատնելու հերթական տարբերակը:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ խորհրդատվությունների վրա հսկայական գումարներ էր ծախսում. օրինակ՝ Աֆրիկայից մարդիկ էին գալիս հայ գյուղատնտեսներին խորհուրդ տալու, թե ինչպես աճեցնեն հայկական ծիրանը: Նիկոլ Փաշինյանն էլ կարծես այդ ճանապարհով է գնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան