Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի և ՄԱԿ ԳԱ նախագահի հետ
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում:
Միրզոյանը մեկ այլ հանդիպում ևս ունեցել է։
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, նա հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների Հանրապետության ԱԳ նախարար Աբդուլա Շահիդի հետ։
«Շնորհավորելով գործընկերոջը ՄԱԿ ԳԱ հաջող նախագահության կապակցությամբ՝ Միրզոյանը բարձր է գնահատել Աբդուլա Շահիդի ներդրումը` ներկայիս համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և այդ նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ, որի առանցքում է արդյունավետ բազմակողմանիության գաղափարը:
Կարևորվել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև Կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ իրականացվող համագործակցությունը։
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, լինելով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ, հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օրակարգի առաջմղմանը։ Աբդուլա Շահիդը, իր հերթին, բարձր է գնահատել Խորհրդում Հայաստանի ծավալած արդյունավետ գործունեությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև կարևորել են որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ապահովումը և գոհունակություն հայտնել հուլիսի 24-ը կին դիվանագետների օր ճանաչելու Մալդիվների նախաձեռնության կապակցությամբ, ինչի վերաբերյալ բանաձևի համահեղինակ է Հայաստանը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերի:
Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը և շեշտել ՄԱԿ համապատասխան կառույցների՝ տեղում անարգել ներգրավվածության հրամայականը։
Միրզոյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ նշելով, որ այն միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող են հասցեագրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին