Դատարանը բավարարել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը. ՀՌՀ-ն նոր մրցույթ է հայտարարել
Դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը վճռել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը: ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հօգուտ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար»։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
«Հիմք ընդունելով վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 25-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ:
Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանն ասել է, որ Հայկական 2-րդ հեռուստաալիքը նպատակահարմար չի գտնում այս պահին մեկնաբանություն անել առանձին դատական ակտի վերաբերյալ: Ժամանակը կգա, և մենք ընդհանուր, համապարփակ ու փաստարկված հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։ Գուցե ասուլիս կանենք կամ այլ բան, ձևաչափը կորոշենք և ամեն ինչ փաստարկներով, մանրամասներով կներկայացնենք մամուլին և մեր հասարակությանը»,-գրում է թերթը:
Հիշեցնենք, որ Հայկական 2-րդ հեռուստաալիքը 2021թ հունվարին եթերազրկվել էր․ հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չէր հաղթել, հունիսին էլ չէր հաղթել մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթում: Հ2-ը դիմել էր դատարան` ՀՌՀ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Վարչական և վարչական վերաքննիչ դատարաններում հեռուստաընկերության հայցը բավարարվել էր։ ՀՌՀ-ն ևս դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ ատյանի վճիռը, սակայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Հարակից հրապարակումներ`
- ՀՌՀ նախագահը Հայաստանում մամուլի դեմ դատական հայցերի թվի ավելացումը խոսքի ազատության դրական ցուցիչ է համարում
- ՀՌՀ որոշմամբ հինգ օրով կասեցվել է «Արմնյուզ» և «Ռադիո 107 ՖՄ» ընկերությունների լիցենզիաների գործողությունը
- ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանն իրեն համեստ մարդ է համարում և չպատասխանեց Լիլիթ Գալստյանի հարցին