Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է 7 ոստիկանի ազատել ծառայությունից
Հուլիսի 28-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության վարչությունների պետերը, իրավաբանական վարչության պետի տեղակալը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ յոթ ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկին հայտարարել «Խիստ նկատողություն»»,- ասվում է հաղորդագրությունում։