Օլեգ Վինոգրադովի բեմադրությամբ «Ռոմեո և Ջուլիետ» բալետը՝ հայաստանյան բեմում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը, որի առաջնախաղը տեղի կունենա օգոստոսի 1-3-ը:
Ասուլիսում հրավիրյալ բեմադրող բալետմաստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադովն ասել է, որ դեռևս 52 տարի առաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի բեմում բեմադրելով «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը՝ չէր կարող կանխատեսել, որ այս բեմից տարբեր ժամանակներում ներկայացումը կտարածվի աշխարհով մեկ:
«Թատրոնը հրաշալի բալետային խումբ ունի, և մենք միասին դեռևս բազմաթիվ անելիքներ և ծրագրեր ունենք, ինչի համար անչափ ուրախ եմ»,- նշել է Օլեգ Վինոգրադովը:
Այն հարցին, թե ինչու է որոշվել բեմադրել «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն ասել է. «Երկու ուղղությամբ ենք մտածել. առաջինը, որ սիրո թեմայով երիտասարդներին կապենք օպերային թատրոնին, և երկրորդ՝ լեգենդար բալետմայստեր Օլեգ Վինոգրադովն աշխատի թատերախմբի հետ, ինչը նոր աստիճան է բալետի պարողների համար: «Ռոմեո և Ջուլիետը» ճանապարհ կբացի դեպի մեր երազած «Կարապի լիճ» ներկայացման բեմադրման համար, ինչպես նաև կամուրջ կհանդիսանա առավել բարդ ներկայացումների համար»:
Առաջին բեմադրությունը 1960-ականներին Երևանում իրականացրել է ճանաչված բալետմայստեր Օլեգ Վինոգրադովը՝ բեմադրիչ դիրիժոր Հակոբ Ոսկանյանի հետ: Մյուս բեմադրությունը տեղի է ունեցել 2011 թվականին: Գրեթե կես դար անց Օլեգ Վինոգրադովը կրկին անդրադառնում է «Ռոմեո և Ջուլիետ» բալետին՝ այն մատուցելով համաշխարհային պահանջներին համապատասխան:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, բեմադրության և զգեստների նկարիչը ՌԴ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Օկունևն է, ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:
Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետը» 20-րդ դարում ստեղծված ամենահայտնի բալետներից մեկն է, և այն դասվում է կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործությունների շարքում: