Մասնագիտական հանրային քննարկում՝ «Բանվորի արձան»-ի վերականգնման հարցերի վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը նախաձեռնում են մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում, որը տեղի կունենա 2022 թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գրանցման վերջնաժամկետը՝ օգոստոսի 3-ը, ժամը՝ 18:00:
Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակը, որն առավել հայտնի է «Բանվորի արձան» անվանումով, դասվում է հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին: Խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ 1997 թվականին, քանդակը` որպես խորհրդային հասարակարգի գաղափարաբանությունը խորհրդանշող ստեղծագործություն, ապամոնտաժվել ու մասնատվել էր, և շուրջ երկու տասնամյակ վերջինիս գտնվելու վայրն անհայտ է եղել:
Դեռևս 2021 թվականից նախարարությունը, համագործակցելով քանդակագործի ժառանգների հետ, աշխատանքներ է նախաձեռնել քանդակի հայտնաբերման ուղղությամբ, որի առանձին մասերը գտնվել են ևներկայում ժամանակավորապես ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Բանվորի արձանի» վերականգնման և տեղակայման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ԿԳՄՍ, Ֆինանսների նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև քանդակագործի ժառանգները:
2022 թ. հուլիսի 27-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ: