Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա «Զուլալի» ֆիլմի միջազգային պրեմիերան
Մոսկվայի միջազգային 44-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած «Զուլալի» ֆիլմի միջազգային պրեմիերան: Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից։
Մոսկվայի միջազգային կինոփառատոնն ամենահեղինակավորներից է, առաջին անգամ անց է կացվել 1935 թվականին, և համարվում է Վենետիկի կինոփառատոնից հետո աշխարհում ամենահինը։ Այս տարի այն կանցկացվի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը։
Ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերն է Հայկ Օրդյան, սցենարիստ՝ Աստղիկ Սիմոնյան, Հայկ Օրդյան, օպերատոր՝ Արման Օրդյան։
Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակություն զգացող մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում վրահաս ցավն ու տանջանքը, տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ:
Հեռավոր գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին: Տանտիկինը դժվար ճակատագիր ունեցող կին է, ով պատասխանատվություն է կրում ոչ հարազատ, բայց արդեն իր ընտանիքի անդամ համարվող մարդկանց համար: Տանտիրոջ՝ պապի ինքնասպանությունից հետո տան ամբողջ հոգսն այս կնոջ ուսերին է: Վերջում խոսում է Զուլալին: Նա բացահայտում է, թե ինչպես է մեծ ողբերգությունը շրջել իր կյանքը, ինչպես է կորցրել միտքը և ինչպես լույս աշխարհ եկավ Նազարոսը: Ֆիլմում առանձնահատուկ տեղ է գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը, բնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան