Դաշնակցականներիս սրանով չեն կարող կոտրել. Գեղամ Մանուկյան
Գյումրու «պապիկների գործով» գործով մեղադրվող ՀՅԴ անդամներ Արսեն Մարտոյանը, Գևորգ Մուրադյանը, Գոռ Մաթևոսյանն ազատ են արձակվել։ Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ։
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Դաշնակցականներիս սրանով չեն կարող կոտրել։
Կեսգիշերն անց էր, երբ դաշնակցական ընկերներիս և Լիլիթ Մանուկյանի հետ վերադարձա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից, որտեղ դիմավորում էինք ազատության մեջ հայտնված մեր սիրելի ընկերներ Արսեն Մարտոյանին և Գեւորգ Մուրադյանին։
Գոռ Մաթևոսյանին մերոնց մեկ այլ խումբ դիմավորել էր Նուբարաշենի բանտի մոտ։
Գևորգ Մուրադյանի հետ լուսանկարվելը խորհրդանշական էր։ Մեկում երկուսով ենք, Գյումրիի Կումայրի ոստիկանատան դիմաց, երբ մայիսի 14-ին նա ինքնակամ ներկայացավ իրավապահներին։ Որպեսզի թույլ չտայինք այս իշխանությունների սիրած սցենարով հերթական մասկի շոու ներկայացումը, հատուկ պատրաստությամբ ինքս էի Գեևորգին ուղեկցել Երևանից Գյումրի, ոստիկանություն։ Հիմա էլ ինքս բանտից ուղեկցեցի արդեն ազատություն։
Մինչ տղերքի ազատ արձակման փաստաթղթաորումն էր կատարվում իրենց խցերում հանդիպեցի Տարոնին ու Գոռին Սարգսյան։ Երկուսին դատարանը մերժեց ազատ արձակման միջնորդությունը։
Հետաքրքրական պատկեր էր՝ Գևորգն ու Գոռը ազատվում էին, բայց տխուր էին, որ իրենց հետ դուրս չեն գալու Տարոնն ու Գոռը։ Գոռն ու Տարոնը, որ մնալու էին բանտում, ուրախ էին, որ իրենց զինակից (իրական զինակից) ընկերներից երեքն ազատության մեջ էին հայտնվելու։ Միակ խնդրանքը՝ նոր գրքեր ստանալն էր։ Մասնագիտական, քաղաքագիտական, գեղարվեստական։ Լավ առիթ է ինքնակրթության ու նաև Տարոնի դեպքում դեռ համալսարանական կրթության համար (այլ հարց, որ ԵՊՀ ռեկտորատը մերժել է Տարոնին հնարավորության տալ միջանկյալ քննություններ հանձնել։ Բայց սա առանձին թեմա է, հետո կանդրադառնամ)։
Զրուցելու շատ բան չկար։ Մեկ է գիտեինք, թե ինչու չեն հայտնվելու առայժմ ազատության մեջ։ Գիտեին դատարանի աշխատակիցներից, մինչև ուղեկցող ոստիկաններ ու բանտապահներ։ Պատճառն էլ գիտեին, ու նաև հասկանում էին, որ սրանով մեզ չեն կարող ընկճել, նահանջի տանել։ Միայն մնում է չկայացած, հայրենադավ դիկտատորիկը հասկանա, որ անազատության մեջ պահելով Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն։
Ինձ էլ, ընտանիքիս էլ ավելի են վճռական դարձնում։ Քանի որ երեքս էլ Դաշնակցական ենք, մեր Երդման տերը ու գնում ենք առաջ։ Գոռի ասած՝ Հարսանիք լեռներումն էլ լինելու է։ Բոլոր առումներով»։
Հիշեցնեն՝ Գյումրիի դեպքով հարուցված քրգործով 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալներից հինգը կալանավորված են:
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, մի խումբ երիտասարդներ, Գյումրիում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով, ավտոերթով Երևան քաղաքից ժամանել են Գյումրի: Երբ ավտոերթը հասել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետևող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:
Վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են»,- հայտնել էին Քննչական կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- «Գյումրիի պապիկների» գործով դատական նիստը հետաձգվեց
- Դատավորը Գյումրու «պապիկների գործով» մերժել է դատախազի բողոքը. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան