Սպառողին վերաբերվել են ինչպես ընտանիքի անդամի. Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը՝ «Սպառողի ընտրություն» մրցանակակիր
Անվտանգություն, մատչելի գին, սպասարկման որակ։ Սրանք այն երեք հիմնական չափանիշներն են, որոնց ուշադրություն է դարձնում հայ սպառողը որևէ ապրանք գնելիս։ Այդ չափանիշներին համապատասխանող երեք տասնյակից ավելի հայկական ընկերություններ հավաքվել են մեկ հարկի տակ՝ ստանալու «Սպառողի ընտրություն» մրցանակը, որը տրվում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի կողմից սպառողների կարծիքի հիման վրա։
«Լավագույններից լավագույններն են այստեղ»,- մրցանակաբաշխության արարողությանն ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։
Լավագույններն որոշվել են սոցհարցումների, մասնագետների՝ արտադրամասեր այցելությունների, տեխնոլոգիական ռեժիմին ծանոթանալու, իսկ վերջում՝ ընտրության միջոցով։
Հայաստանի սպառողների ասոցիացիայի փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասաց, որ սպառողն ինքն է թելադրում, թե ինչ արտադրանք է ընտրում, որն է իրեն հասու, որն է իր քիմքին հաճելի, իսկ իրենք այս մրցանակներով շնորհակալություն են հայտնում արտադրողներին՝ այդպես ավելի ոգևորելով, որպեսզի լինեն ավելի վստահ, սպառողակենտրոն, ավելի գնահատեն սպառողին, քանզի սպառողն է որոշում՝ ով է իրական արժեք ունեցողը շուկայում, ով պետք է շարունակի մնալ այդ դիրքերում։
Լավագույնների շարքում է նաև Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը։ «Սպիտակի թռնչաբուծական կոմբինատ՝ որակի ավանդույթ» հենց այս կարգախոսն է ընտրել կոմբինատն ու երբևէ չի շեղվել։ Սպառողին վերաբերվել են ինչպես ընտանիքի անդամի, այսինքն արտադրանքի որակին մոտեցել են այնպես, ինչպես յուրաքանչյուր ընտանիքի մայր է մանրակրկիտ ու հոգատար մոտենում օրվա ուտեստը պատրաստելիս։
Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը հարուստ ավանդույթներ ունեցող ընկերություն է, որտեղ ներդրվել և գործարկվում են ոլորտի առաջատար եվրոպական ընկերությունների վերջին սերնդի թռչնաբուծական տեխնոլոգիաները։ Կոմբինատն ունի սեփական համակցված կերերի գործարան, սպանդանոց և ինկուբատորային տնտեսություն, ներկայումս ընթացքի մեջ է նոր տոհմային տնտեսության կառուցման աշխատանքները։
Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը մշտապես կարևորում է արտադրանքի որակի վերահսկողությունն ու շարունակական քայլեր ձեռնարկում որակի բարելավման ուղղությամբ։
«Սպառողի ընտրություն» մրցանակը ստացավ Սպիտակի թռչնաբուծական կոմբինատի տնօրեն Վահագն Գևորգյանը։
Նա ասաց, որ սա իրենց առաջին մրցանակը չէ, ուրախ են, որ սպառողներն իրենց ջանքերը, իրենց թիմի աշխատանքը գնահատել են։
«Սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար շատ կարևոր է սպառողի կարծիքը, գնահատականը»,- նշեց Վահագն Գևորգյանը։
Սպիտակի թռչնաբուծական կոմբինատի տնօրենն ասաց, որ զարգացման, արտադրության ընդլայնման, նոր արտադրատեսակներ ավելացնելու պլաններ ունեն. «Ներկայումս իրականացվում են մեծ ներդրումներ արտադրության ծավալները մեծացնելու ուղղությամբ, ինչպես նաև ամբողջական արտադրական ցիկլ ապահովելու համար։ Մասնավորապես, մենք նախորդ տարի գործարկեցինք ինկուբատորային տնտեսությունը, որը մեզ ապահովում է տեղական որակյալ հավի ճտերով, ապագայում նախատեսում ենք նաև տոհմային տնտեսության գործարկումը, որը հնարավորություն կտա թոթափել արտերկրից կախվածությունը և ինկուբացիոն ձուն ստանալ տեղում՝ մեզ մոտ»։
Այս ոլորտի կազմակերպություններն ապահովում են տեղական շուկայի ընդամենը 30-35 տոկոսը։
«Տեղական արտադրողները շատ մեծ աշխատանք պետք է կարողանան իրականացնել, որպեսզի այդ տոկոսը մեծացնեն։ Նաև պետությունն իր դերն ունի այս գործում, որպեսզի օժանդակի, ընդառաջի տեղական արտադրողներին, ներմուծման կրճատման հաշվին տեղական արտադրանքն ավելանա։
Իհարկե, այս հարցում կան օբյեկտիվ դժվարություններ, նախ գնի հետ կապված, քանի որ ներմուծվող արտադրանքն էժան է։ Սակայն ուրախ եմ, որ սպառողն արդեն գնահատում է որակյալ թարմ արտադրանքն ու նախապատվությունը տալիս է տեղական արտադրողին»,- ասա Վահագն Գևորգյանը։
Նա վստահ է, որ Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը նաև արտահանում կիրականացնի, ամեն ինչ անում են դրան հասնելու համար։
Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, պետք է ամեն ինչ անել հայկական արտադրատեսակների մասնաբաժինը, ծավալը հայկական շուկայում ավելացնելու համար, բայց նաև պետք է կարողանալ կազմակերպել արտահանում։
«Հայկական ընկերությունները հագենում են եվրոպական սարքավորումներով, ինչը նվազեցնում է մարդու դերն արտադրական պրոցեսում, ինչը, բնականաբար, ողջունելի է, սակայն բացասականն այն է, որ արտահանման հարցում կաղում են»,- ասաց Ա. Պողոսյանը։
Սյուզաննա Չիլինգարյանը նույնպես ընդգծեց՝ պետք է զարկ տալ հայկական արտադրանքին ու նաև այդ արտադրանքն արտահանել։
«Արտահանման համար բազմաթիվ խնդիրներ կան։ Տեղական շուկան փոքր է, մրցակցությունն էլ այդքան մեծ չէ։ Պետք է օգնել բիզնեսին, նաև պետական ծրագրերով, որպեսզի արտահանեն, շրջանառությունը մեծ լինի, շատ ներդրումներ լինեն, բիզնեսն ավելի զարգանա, այդ առումով աշխատատեղերի հնարավորություն կունենանք, նաև հայկական արտադրանքը կպահենք։
Պետք է օգնել հայ արտադրողներին զարգացնել իրենց բիզնեսը ոչ միայն հայկական, նաև արտասահմանյան շուկաներում՝ բարձր պահելով հայկականի անունն ու պատիվը»,- ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի փոխնախագահ Ս. Չիլինգարյանը։