12-ամսյա բնականոն գնաճի կանխատեսումը հասել է 9.4%-ի. Ներսես Երիցյան
«2022թ. հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և կազմել է 10.3%, 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 9.4%»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Ընթերցելով խորհրդի նիստում ընդունված հայտարարության տեքստը՝ ԿԲ նախագահի տեղակալը հայտնեց, որ 2022թ. օգոստոսի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%:
Նա տեղեկացրեց, որ երկրորդ եռամսյակում պահպանվել են համաշխարհային արժեշղթաների խաթարումները, իսկ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դիտարկվում է տնտեսական ակտիվության դանդաղում:
Երիցյանի տեղեկացմամբ՝ միջազգային ապրանքահումքային շուկայում նկատվում է գնաճային ճնշումների որոշակի թուլացում, սակայն գները շարունակում են մնալ պատմականորեն բարձր մակարդակում:
«2022թ-ի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում դիտվել է սպասվածից բարձր ակտիվություն: Այն դրսևորվել է հատկապես ծառայությունների ճյուղում: Դրական զարգացումներ են արձանագրվել նաև արդյունաբերության և արտահանման ոլորտում: Տնտեսական բարձր աճի ձևավորման գործում գերակշռում են պահանջարկի գործոնները: Վերջինս շարունակում է մեծամասամբ պայմանավորվել միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների զգալի ներհոսքով»,-հայտնեց Ներսիսյանը և բացատրեց, որ բարձր պահանջարկը հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը, իսկ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի ավելացումը:
Հայտնելով, որ ԿԲ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսը՝ Ներսես Երիցյանը նկատեց, որ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի ներքո 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:
«ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ, նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»,-ԿԲ խորհրդի հաղորդագրությունը ներկայացրեց Ներսես Երիցյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Պարենային ապրանքների գնաճը 15-20 % է, երբ գների ընդհանուր ինդեքսն աճել է ընդամենը 10.5 %»
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում