Մեկ հակ խոտը 1000 դրամ է՝ թանկ դիզվառելիքի պատճառով այն կապելը և տուն հասցնելը՝ 400 դրամ. Շիրակցի ֆերմեր
«Նախորդ տարի խոտի մեկ հակը կապում էին 120 դրամով, այս տարի՝160»,-ասում է Շիրակի մարզի գյուղերից մեկում բնակղող Աշոտը և թանկացումը բացատրում դիզվառելիքի գների բարձրացումով, որը նախորդ տարի գյուղացին գնում էր 400 դրամով , իսկ այս տարի՝ 600-630 դրամով:
Գյուղացու խոսքով՝ դիզվառելիքի գնի բարձրացումը զգացվում է գյուղատնտեսական բոլոր ապրանքների գների վրա: Բնականաբար, թանկացել է նաև խոտը հանդից գյուղացիների տները հասցնելու համար իրականացվող տրանսպորտային ծախսերը: Այս ամենն իր հետ բերել է նաև մյուս աշխատանքների, մասնավորապես՝ խոտը բարձելու և գյուղացու տանը դատարկելու աշխատանքների գները:
Աշոտն ասում է, որ մեկ հակ խոտը կապելու և մինչև գյուղացու տուն հասցնելու համար ծախսվում է 400 դրամ, իսկ նախորդ տարի այդ արժեքի գրեթե կեսն էր:
2021 թվականի եղանակային պայմաններն անբարենպաստ էին խոտի աճի համար, դրա համար էլ գյուղացին այն գնում էր 1900-2200 դրամով: Աշոտի խոսքով՝ այս տարի անհամեմատ ավելի բարենպաստ եղանակային պայմաններ էին, վեգետացման շրջանում անձրևներ եկան և սպասվածից լավ խոտ է ստացվել, նույն արդյունքն է նաև ցորենի և գարու ցանքերում:
Զրուցին միացած մյուս գյուղացին՝ Սերգեյը հավելեց, որ եթե այս տարի էլ նախորդ տարվա նման խոտ չլիներ գյուղացիների մեծ մասն իրենց անասունները կմորթեին, սա էլ այն դեպքում, որ նախորդ տարի ստիպված էին եղել էականորեն կճատել խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը: Նա ասում է, որ շատ դեպքերում գյուղացին նույնիսկ անասնակերի գնման համար հողից բավարար եկամուտ չի ստանում: Սերգեյի խոսքով՝ իրեն ՌԴ-ում բնակվող և աշխատող որդին է գումարն ուղարկում որ անասնակեր գնի և անասուններ պահի:
«Շիրակի մարզում գյուղում ապրես և անասուն չպահես՝ նշանակում է ոչինչ չանես: Մեր մոտ Արարատյան դաշտավայրի նման այգեգործություն չկա, հացահատիկային կուլտուրաների մշակումն ու անասնապահությունն է: Այս տարի Աստված բարեհաճ գտնվեց խոտը լավ աճեց, երկու տարի անընդմեջ երաշտի դեպքում խոշոր եղջերավոր անասունների կեսից ավելին կկրճատվեր»,-ասում է Սեյրանը:
Նրա խոսքով՝ այս տարի էլ աննախադեպ բարձրացել է խոտը հնձելու, հակ կապելու և տուն հասցնելու ծախսերը:
«Դե պատկերացրեք, խոտի մեկ հակն արժի 1000 դրամ, բայց նրա՝ տուն հասցնելու ծախսերը 400 դրամ են՝ խոտի գնի 40%-ը, սա անտրամաբանական է: Իսկ եթե այս տարի էլ նախորդ տարվա նման երաշտ լիներ մեկ հակի արժեքը կտատանվեր 2000-2500 դրամ և անհնար կլիներ անասնապահությամբ զբաղվելը»,-նկատեց գյուղացին:
Գյուղացիները նախորդ տարվա երաշտով պայմանավորեցին նաև մսի գնի աճը, քանի որ գյուղացիների մեծ մասն իրենց անասունները մորթել էին, գլխաքանակը նվազել էր, իսկ այս տարի քանի որ խոտ կա, գյուղացիների այն հատվածը, որը կրճատել էր իր անասունների գլխաքանակը չի վաճառում դրանք , որովհետև այս ձմեռ ավելի հեշտ կլինի պահելը:
Panorama.am-ի զրուցակիցները կարևորեցին դիզվառելիքի սուբսիդավորումը, ինչպես արվում էր նախորդ իշխանությունների ժամանակ, քանի որ վառելիքը մեծ մասնաբաժին ունի գյուղացիական ապրանքների ինքնարժեքի մեջ:
Գործադիրն արդեն 3 տարի է ինչ հրժարվում է սուբսիդավորել դիզվառելիքը՝ հիմնավորելով, որ այդ ծրագիրը նախկինում կոռուպցիոն ռիսկեր է պարունակել: Նույն հիմնավորմամբ դադարեցվել էր նաև պարարտանյութի սուբսիդավորումը, բայց այս տար կառավարությունը որոշեց սուբսիդավորել այն՝ հարցեր առաջացնելով, թե այդ դեպքում ո՞ւր կորան կոռուպցիոն ռիսկերը: Չնայած դիզվառեկիքը թանկացել է մոտ 2/3-ով, բայց այդպես էլ գործադիրը չգնաց սուբսիդավորման, ինչն անխուսափելիորեն բերելու է գների թանկացման: Սուբսիդավորման փոխարեն ՀՀ կառավարությունը զարկ է տվել գյուղացու վարկերի սուբսիդավորմանը, չնայած այստեղ էլ կա տոկոսադրույքների 2 % աճ:
Ստացվում է որ կառավարության վարած հատվածական, ոչ համալիր միջոցառումների հետևանքով հնրավոր չի լինում մի փոքր զսպել գյուղական ապրանքների թանկացման գործընթացը: Որպեսզի միջոցառումներն արդյունք տան, պետք է գնագոյացմանը խթանող բոլոր հնարավոր գործոնների ուղղությամբ քայլեր անել: Այս տարի կառավարությունը սուբսիդավորեց պարարտանյութը, բայց՝ ոչ դիզվառելիքը, արդյունքում՝ գյուղատնտեսական ապրանքների գները կրկին կթանկանան: Այստեղ պեքտ է արձանագրել, որ դիզվառելիքի սուբսիդավորումը վերաբերում է բոլոր գյուղացիներին, ոչ թե միայն խոշոր կամ միջին ֆերմերներին պարարտանյութի դեպքում, հետևաբար դրա բարձր արժեքի ազդեցությունը զգալու են բոլոր գյուղացիները և վերջին հաշվով նաև ՀՀ քաղաքացիները՝ թանկ գյուղմթերքի և մսի տեսքով:
Պատրաստեց՝ Արմեն Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Եզդիաբնակ երկու գյուղի հարյուրավոր կովեր սատկելու վտանգի առաջ են
- Գյուղացին մնաց փչացող բերքի հետ մեն մենակ․ Ֆերմեր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում