Վրաստանում ավելացել են Ղրիմի-Կոնգո տենդի դեպքերը
Վերջին 7 ամիսների ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է Ղրիմի-Կոնգոյի հեմոռագիկ տենդի (ԿՂՀՏ) 42 դեպք, 2 հիվանդ մահացել է։ Jnews-ը գրում է, որ օրերս Սամցխե-Ջավախքի շրջանում այս տենդի ևս երեք դեպք է հաստատվել։
Տարածաշրջանային «Հարավային դարպաս» պորտալի տվյալներով, վարակման վերջին դեպքերից երկուսը Ախալցիխեի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղի բնակիչներ են՝ 66-ամյա մի տղամարդ և 63-ամյա մի կին։ Նաև ԿՂՀՏ-ով վարակվելու փաստ է գրանցվել հարևան Բորժոմիի մունիցիպալիտետում։ Հիվանդությունը հաստատվել է Սակիրե գյուղի 45-ամյա բնակչի մոտ։
«7 ամսվա ընթացքում հաստատվել է Ղրիմ-Կոնգոյի 42 դեպք։ Ցավոք սրտի, ունենք 2 մահ: Մահացությունը կազմում է 4,7%: Ղրիմի-Կոնգոյի տենդը Վրաստանում հայտնվել է 2009թ.-ին: Ամեն տարի մենք ունեցել ենք 1-10-15 դեպք, իսկ այս տարի արդեն կա 42 դեպք»,- Interpressnews-ին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։
2009 թվականից առ այսօր երկրում գրանցվել է 164 վարակման և 21 մահվան դեպք։ Ընդհանուր առմամբ այս բոլոր տարիների մահացության ցուցանիշը կազմել է 12,9 տոկոս։ Վրաստանում հիվանդությունը հիմնականում տարածված է Սամցխե-Ջավախքի և Շիդա Քարթլիի շրջաններում, մասնավորապես՝ Խաշուրիի մունիցիպալիտետում։
Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդը (ԿՂՀՏ) առանձնապես վտանգավոր բնական-օջախային հիվանդություն է, որն արտահայտվում է թունավորմամբ և մաշկի ու ներքին օրգանների արյան զեղումներով: Այն առաջին անգամ հայտնաբերվել է 1944 թվականին Ղրիմում: ԿՂՀՏ-ն լայնորեն տարածված հիվանդություն է, որն առաջացնում է տզերի փոխանցած Bunyaviridae ընտանիքի վիրուսը (Nairovirus):
ԿՂՀՏ վիրուսի կրողները վայրի և տնային կենդանիներն են՝ խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ և այծեր: ԿՂՀՏ վիրուսը փոխանցվում է մարդուն կամ տզերի խայթոցների միջոցով կամ սպանդի ընթացքում և վարակված արյան կամ կենդանիների հյուսվածքների հետ շփման միջոցով: Վարակների մեծ մասը տեղի է ունենում արդյունաբերական անասնաբուծության աշխատողների մոտ, ինչպիսիք են գյուղատնտեսության ոլորտի աշխատողները, սպանդանոցների աշխատակիցները և անասնաբույժները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան