Հայերենի ուսուցիչները Վրաստանում առաջին անգամ քննություն են հանձնել
Հուլիսի 20-ին առաջին անգամ Վրաստանում Հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչները քննություն հանձնեցին: Այս մասին գրում է Jnews-ը։ Այս առարկայի քննության առավելագույն միավորը 70-ն է, որը համարժեք է 10 կրեդիտ-միավորի:
Վրաստանում արդեն մի քանի տարի է ընթանում է ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, ըստ որի՝ առարկայական և մասնագիտական հմտությունները հաղթահարած ուսուցիչները ստանում են որակավորում, հետևաբար նաև՝ բարձր աշխատավարձ: Սակայն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մայրենին դասավանդող առարկաների ուսուցիչները միայն այս տարի հնարավորություն ստացան մասնակցելու քննություններին:
Արուս Գաբրիելյանը մեկ տարի չկա ինչ ընդունվել է աշխատանքի՝ Վաչիան գյուղի հանրային դպրոցում: Նա նշում է, որ այս քննությունը իրենց համար շատ կարևոր էր, սակայն շատ բացեր կան, որոնք պետք է լրացնել:
«Շատ հարցեր կային, որ մնում էին անպատասխան: Մեզ չէր տրվել նախնական թեստերի տարբերակներ, որ դրանցով առաջնորդվեինք և այլն: Քննության նախաշեմին երկօրյա նախապատրաստական հանդիպում եղավ, դրանից հետո փոքր-ինչ հասկացանք մեր անելիքը. օրինակ՝ ինչպես պետք է օգտվենք համակարգչից, թեկուզ հարցերի քանակի և այլնի մասին»,- պատմում է հայոց լեզվի և գրականության մասնագետ Արուս Գաբրիելյանը:
Վերջինս հավելում է քննության առաջին մասում հայոց լեզվի հարցերն են եղել, այնուհետև՝ գրականության: Քննության մասնակցած ուսուցիչների խոսքերով, քննական թերթիկները այնքան խճճված են կազմված եղել, որ շփոթեցրել են մասնակիցներին:
«Ինչքան որ պատրաստ էինք պատասխանեցինք, բայց քիչ մասը կարողացանք հանձնել, որովհետև այդ հարցերով անհնար էր ավելին պատասխանել: Այնքան անհասկանալի էր, որ թվում էր շատ հեշտ է, բայց հակառակ պատկերն էր: Նույնը կարող եմ ասել գրականության մասին, որը թեստային տարբերակով էր կազմված: Կրկին դժգոհ եմ, որովհետև թեստը պարունակում էր այնպիսի շփոթեցնող տարբերակներ, որ պետք էր շատ լավ մտածել պատասխանը նշելուց առաջ»,- ասում է Արուս Գաբրիելյանը:
Նրա խոսքով, քննության ավարտից հետո ուսուցիչների կարծիքները տարբեր են եղել, սակայն բոլորը միաբերան նշել են, որ քննական հարցերը շատ վատ է կազմված եղել:
Դժվարությունների մասին բարձրաձայնում են նաև հմուտ մասնագետները: Այսօր դպրոցներում դասավանդում են նորագույն շրջանի հեղինակներին, որոնց ծանոթ են նոր սերնդի մասնագետները: Փորձառու և տարիքով մասնագետները նաև համակարգիչներից օգտվելու խնդիր են ունեցել:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան