Հայաստանն առաջին մեդալն է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ մարզական խաղերում
Հրաձիգ Գագիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այս մրցաշարում: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հայ մարզիկը, որն առաջին անգամ էր միջազգային մրցաշարի մասնակցում, երրորդ տեղն է զբաղեցրել 10 մ հրացան մրցաձևում:
Հրաձիգներն այսօր են սկսել պայքարը, վաղը կկայանան սամբոյի, իսկ օգոստոսի 6-ին՝ կոխ ըմբշամարտի մրցումները: Հրաձգության հավաքականի կազմում ևս 3 մարզիկ է ընդգրկված՝ Արմեն Գևորգյանը, Նարե Մելքումյանը և Էդիտա Մանուչարյանը, որոնք հանդես են գալու հրացան և ատրճանակ մրցաձևերում, ինչպես նաև միքստ ձևում:
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում ելույթներն ավարտել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները: Նրանք զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը:
Ընդհանուր առմամբ, հայ մարզուհիները 7 հանդիպում են անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ և կրելով 4 պարտություն: Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականի աղջիկների համար ևս սա առաջին միջազգային փորձն էր:
Միջազգային մարզական խաղերում հանդես են եկել նաև սեղանի թենիսի, թաեքվանդոյի և գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերին մրցավայրից հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մեդալային հավակնություններն այսքանով չեն ավարտվում. «Բավական ներկայացուցչական թիմ ունենք՝ 22 մարզիկով: Արդեն մեդալ ունենք և էլի ենք մեդալներ ակնկալում: Հուսամ, որ ավարը լավը կլինի, և ապագայում կուրախանանք այս մարզիկների նորանոր հաղթանակներով»:
Կարեն Գիլոյանը հույս է հայտնում, որ այս մրցաշարի միջոցով պատանի մարզիկների համար նաև ապագա հաղթանակների հիմքը կդրվի. «Ընդհանուր առմամբ, խաղերը մեզ համար շատ կարևոր են, քանի որ մեր պատանիները հնարավորություն են ստանում ծանոթանալու, շփվելու և մրցելու տարբեր երկրների իրենց հասակակիցների հետ: Եվ, գուցե, ոմանց համար սա բախտորոշ լինի այն առումով, որ հիմք կդրվի ապագա հաղթանակների»:
Պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հանդիպումներ է ունեցել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի կազմկոմիտեի նախագահի և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի: