5 դեպք, երբ ստարտափների հիմնադիրները պետք է «ՈՉ» ասեն
Forbes-ում հրապարակվել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանի հոդվածը, որը հրապարակում ենք հայերեն թարգմանությամբ.
«Իմ կարիերայի ընթացքում մի շարք ձախողված փորձեր ու ստարտափներ եմ ունեցել։ Երբ ինձ հարցնում են ո՞րն է հաջողակ ստարտափի համար ամենավճռորոշ գործոններից մեկը, պատասխանում եմ․ «ՈՉ ասելու կարողությունը»։ «Ոչ» ասելը ցանկացած հիմնադրի աշխատանքի անբաժանելի մասն է։ Արդյունք չտվող խնդիրների վրա ժամանակ կորցնելը կամ կարճաժամկետ դրամական հոսքերի համար հետքայլ անելը սարսափելի սխալներ են, որ ես արել եմ, որովհետև պարզապես բավականաչափ համարձակություն չեմ ունեցել «ոչ» ասելու։
Երբ աշխատողը չի համապատասխանում
Աշխատանքի ընդունելու պրոցեսը ստարտափում՝ միշտ հապճեպ է։ Դու փորձում ես աշխատանքի ընդունել լավագույնին, բայց դու պետք է մի՛ ակնթարթում գնահատես թեկնածուի համապատասխանությունը։ Երբեմն դա կարող է հանգեցնել նրան, որ աշխատանքի ընդունես մարդկանց, ում մոտ, ի վերջո, չի ստացվում:
Ինչ-որ պահի, դու պետք է անհարմար չզգաս՝ ասելով. «Ոչ, սա այլևս լավ չէ»: Սա պարզ, բայց անհարմար հարց է։ Ամեն դեպքում, եթե շատ երկար սպասես այս խնդիրը լուծելու համար, հետագա տարիների ընթացքում այս ալիքը կարող է ազդել քո ընկերության գործունեության վրա: Այս դեպքում կարևոր է արագ գնահատել իրավիճակը և աշխատողի հետ ընկերաբար բաժանվել։
Երբ ընտրում ես ներդրողներին
Սա կարող է բարդ լինել։ Դժվար է «ոչ» ասել փողին։ Ես հասկացել եմ, որ VC-ի կամ ներդրողի հետ գործարք կնքելը ամուսնանալու պես մի բան է։ Կարող են լինել վերելքներ ու վայրէջքներ, բայց քանի դեռ դուք նույն «էջի վրա եք», կկարողանաք առաջ շարժվել և զարգանալ։ Բայց նույնիսկ, եթե վստահ չես, որ այդ կոնկրետ ներդրողը կարող է մեծ արժեք ավելացնել քո բիզնեսին, ֆինանսավորմանը «ոչ» ասելը կարող է բարդ լինել: Մի գայթակղվիր դրամական հոսքով: Մտածիր, թե որ ներդրողը կնպաստի քո բիզնեսի նպատակներին ու առաքելությանը:
Երբ դու և գործընկերներդ համաձայնության չեք գալիս
Համահիմնադիրների միջև հարաբերություններն ունիկալ են։ Մի կողմից իրար շատ լավ եք ճանաչում, նույնիսկ գուցե ընկերներ եք: Մյուս կողմից, սա բիզնես է, որտեղ կոշտ որոշումներ ընդունելու կարիք կա, որոնց վրա չպետք է ազդեն անձնական հարաբերությունները։ Ռազմավարության, գործընթացի կամ այլ հիմնական գործոնների ընտրությունը, որը ոչ թե նպաստում է ընկերության աճին, այլ պարզապես համահիմնադիրներիդ առաջ լավամարդ դառմալու համար է, շատ արագ կարող է խնդիրների հանգեցնել։ Ես տեսել եմ, թե ինչպես կարող է «խոհանոցում չափից շատ խոհարարների» առկայությունը կործանել շատ հաջողակ ստարտափների։ Երբ ստարտափ ես հիմնում, համոզվիր, որ դու բաց ու անկեղծ քննարկում ես արել այն մասին, թե ումն է վերջնական որոշումը, եթե անհամաձայնություն լինի։ Թեև կարևոր է, որ բոլորը լսված լինեն, այնուամենայնիվ, շատ կարևոր է իմանալ, թե ումն է վերջնական որոշումը:
Երբ նոր պրոդուկտի գաղափարը լավը չէ
Մինչև հաջողության հասնելը շատ ստարտափներ բազմիցս փոխում են իրենց ուղղությունը (pivot)։ Սա նշանակում է, որ հաջողության նախադրյալը նոր լուծումներ գտնելն է։ Չնայած քո թիմի ուշադրությունը նոր պրոդուկտի վրա կենտրոնացնելը կարող է ճիշտ որոշում թվալ, բայց դու պետք է համոզվես, որ այն համապատասխանում է քո ստարտափի նպատակներին: Ահա թե որտեղ է խաղի մեջ մտնում «առաջնայինը խնդիրն է» ռազմավարությունը: Նախքան պարտավորություն ստանձնելը, մտքում ունեցիր ցանկացած պրոդուկտի համար անհրաժեշտ կետերով ստուգաթերթ, որոնք պետք է լինեն, որպեսզի դրանք համարես առաջնահերթ խնդրի լուծման մի մաս։ Եթե որևէ նոր պրոդուկտ քեզ մոտեցնում է այդ խնդրի լուծմանը, ապա՝ «կանաչ լույս», հակառակ դեպքում «ոչ» ասա, ազատվիր դրանից հենց գաղափարի փուլում, չարժե դրա վրա թանկարժեք ռեսուրսներ ծախսել։
Երբ դու չես կարող վերցնել նոր հաճախորդ
Թերևս, սա ամենադժվարն է։ «Հաճախորդը միշտ ճիշտ է» հին ասացվածքը տեղին չէ 21-րդ դարի դինամիկ զարգացող ստարտափների միջավայրում։ Եթե քո ռազմավարությունը մասշտաբային աճելն է, ապա ցանկացած ոչ մասշտաբային գործընթաց քո օգտին «չի աշխատի»: Սա ներառում է նաև խոշոր հաճախորդներին: Ես դեպքեր եմ ունեցել, երբ հրաժարվել եմ եկամուտների զգալի աճից, քանի որ այդ հաճախորդին սպասարկելը կպահանջեր կենտրոնացման փոփոխություն՝ ընկերությունում: Ես ստիպված կլինեի ռեսուրսներ տրամադրել մի բանի, որն իմ ռազմավարությունից պարզապես դուրս էր: Մենք կորցրեցինք կարճաժամկետ դրամական հոսքեր, բայց, ի վերջո, խնայված ռեսուրսներն օգտագործեցինք բիզնեսը մասշտաբայի՛ն ընդլայնելու համար:
«Ոչ» բառը ցանկացած հաջողակ հիմնադրի գաղտնի զենքն է: Ընթացքում դու կարող ես վատամարդ լինել, բայց, ինչ արած, սա բիզնես է: Որքան շուտ հասկանաս, որ ավելի լավ է հեռու մնալ քեզ օգուտ չտվող իրավիճակներից, այնքան ավելի արագ կկարողանաս կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է. բիզնեսի զարգացման վրա»:
Հարակից հրապարակումներ`
- «Hexact»-ի թիմը փոխում է մարդկանց մոտեցումները՝ տեխնոլոգիաներից օգտվելու գործում
- Hexact-ը հասանելի է դարձնում Google-ի տվյալների «պահեստը»՝ BigQuery-ն և առևտրային նոր հարթակ է բացում․ ստարտափը հայտարարել է նոր ռազմավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան