Երաժշտական գործիքներ՝ Խնձորեսկի երաժշտական դպրոցին
Լոս Անջելեսում գտնվող Armenian Youth Education Aid հասարակական կազմակերպության կողմից Խնձորեսկի երաժշտական դպրոցին նվիրաբերվեց երաժշտական գործիքներ։ Այս մասին տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանը։
«66 աշակերտ ունեցող սահմանամերձ բնակավայրի երաժշտական դպրոցի սաները տարիներ շարունակ նվագել են հնամաշ գործիքներով և այժմ երաժշտական դպրոցը համալրվել է նոր գործիքներով, որոնք կխթանեն կատարողական վարպետության բարձրացումը, կապահովեն ստեղծագործությունների կատարման բարձր հնչեղություն։ Նվիրաբերության շնորհիվ երաժշտական դպրոցը ձեռք է բերել՝ երկու հատ քանոն, երկու ջութակ, երկու շվի և մեկ դուդուկ։
Ըստ երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանի՝ այժմ նրանք կկարողան համույթների մեջ ընդգրկել ավելի մեծ թվով աշակերտների և երաժշտական համերգային ծրագրերն ավելի բարձր որակով կկազմակերպվեն։
Նախաձեռնությունը իրականցվել է, Armenian Youth Education Aid-ի 13-21 տարեկան պատանիների, երիտասարդների շնորհիվ։ Շնորհակալական խոսքերով հանդես եկան Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը, կազմակերպիչներից Շուշաննա Հակոբյանը և Youth Education Aid-ի ղեկավար Մագգի Սիմոնյանը։ Նախաձեռնության հեղինակները նշել են, որ բարեգործական կրթական ծրագրերից այս նվիրաբերությունը միակը չի լինելու և իրենք պատրաստ են աջակցել ու շարունակել համագործակցությունը Գորիսի համայանքապետարանի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։