Կալանքը՝ մահակ իշխանության համար, որպեսզի ինձ ընկճեն, պայքարից հետ պահեն. Նարեկ Մանթաշյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը համոզված է՝ ինքը կալանավորվել էր քաղաքական որոշման արդյունքում։
«7 ամիս շարունակ եղել եմ կալանավորված։ Սա այն հայտնի դրոշի ծածանման գործն է, որով դեռևս 2020 թվականի նոյեմբերին դատարանի որոշմամբ հիմնավոր կասկածի բացակայությամբ ազատ էի արձակվել առանց որևէ խափանման միջոցի, բայց մեկ տարի անց քաղաքական ակտիվությամբ պայմանավորված իշխանությունների վախերն ավելացան, և, ի վերջո, քաղաքական որոշման արդյունքում ես կալանավորվեցի»,- ասուլիսի ժամանակ ասաց Նարեկ Մանթաշյանը:
Նա հիշեցրեց, որ կալանքից հետո մենք 8 անգամ գրավի միջնորդություն են ներկայացրել, ամեն անգամ դատարանին ազատ են թողել գումար որոշելու հարցում:
«Վերջում որպես գրավ որոշվեց 20 միլիոն դրամը, դա կարող էր արվել 6 ամիս առաջ, որովհետև, երբ մենք առաջարկում էինք ենթադրանք 3 միլիոն դրամ, մենք միշտ դատարանին թողնում էինք հնարավորություն, որ եթե կա այնպիսի թիվ, որով դատարանը հնարավոր է համարում զսպել իմ վարքագիծը, խնդրում ենք կիրառել այդ գումարը: Այսինքն, եթե դատարանի համար 20 միլիոն դրամն ընդունելի գումար էր, ապա ինչու դա չկիրառվեց 5-6 ամիս առաջ: Չկիրառվեց, որովհետև վստահ եմ, այդ 5-7 ամիսներն օգտագործվել են որպես մահակ քաղաքական իշխանությունների կողմից իմ վարքագիծը զսպելու կամ ինձ փորձելու ընկճել, պայքարից հետ պահել, ինչն ապարդյուն է ու անշնորհակալ գործ»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Նա ընդգծեց, որ շարունակելու է քաղաքական պայքարը։
«Այս պայքարը վաղուց դադարել է ինձ համար քաղաքական լինել։ Նժարին հայրենիքն է, հայրենիք, պետություն ունենալ-չունենալն է, ամեն վայրկյան մեր սահմանների մոտ կա վտանգ, մեր ժողովրդի գլխին կախված է վտանգ, ես չեմ կարող իմ տան վտանգի դեմ չպայքարել կամ չփորձել իմ տունն անվտանգ պահել»,- ասաց Նարեկ Մանթաշյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս պայքարն ազնիվ է, ուղին՝ շիտակ, իսկ հաղթանակը՝ մոտ․ Նարեկ Մանթաշյան
- Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավի դիմաց
- Օր առաջ Նարեկ Մանթաշյանին նորմալ բուժում է պետք. Ալեքսանդր Կոչուբաև
- Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց. Փաստաբան
- Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր․ Կոչուբաև
- Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է
- Երեք ժամ ժամանակի անիմաստ կորուստ էր․ փաստաբանը՝ Մանթաշյանի դատական նիստի մասին