«Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումից հետո շնորհավորանքներ՝ Օլեգ Վինոգրադովին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն oգոստոսի 1-ին հանդիսատեսի դատին է հանձնել Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը:
Առաջնախաղից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընթերցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Հայաստանում ծննդյան 85-ամյա հոբելյանը նշող ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բեմադրող-խորեոգրաֆ Օլեգ Վինոգրադովին. «Հարգելի՛ Օլեգ Միխայիլի, թո՛ւյլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ: Ստեղծագործական ուղին, որով անցել եք Դուք, հատուկ է միայն բացառիկ արվեստագետին և իր գործի բացառիկ նվիրյալին: Բազմաթիվ անզուգական բալետային ներկայացումներ, բարձր ճաշակ և գեղագիտական չափանիշներ, ստեղծագործական անկաշկանդ ընթացք` սեփական փորձն աշխարհի տարբեր ծագերում փոխանցելու և աշխարհի փորձը յուրացնելու մեծ ազատություն: Ահա այսպիսին է Ձեր կերպարը համաշխարհային բալետի պատմության մեջ:
Անչափ ուրախ ենք, որ Ձեր հոբելյանը նշում եք Հայաստանում` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի պրեմիերայով: Վստահ ենք, որ համագործակցությունը լինելու է շարունակական` ի նպաստ բալետային արվեստի առաջընթացի»:
Օլեգ Վինոգրադովը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ջերմ ընդունելության համար: