«Ժողովուրդ». Քաղաքացիներին կառավարությունը մղում է ապօրինությունների
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի գործադիր մարմինը, արդեն որերորդ դեպքն է, օրենք է ընդունում, հետո՝ ձեռքերը լվանում, կամ էլ վերջնաժամկետ է նշանակում, բայց չի հաշվարկում, թե այդ որոշումն ինչպես է կատարվելու եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Օրինակները բազմաթիվ են՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը, սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը, հանրային սննդի վայրեր, կինո, թատրոն մուտքը QR կոդերի հավաստման դեպքում: Կհիշեք՝ սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուն վերջնաժամկետ էր հայտարարվել, սակայն այն մի քանի անգամ հետաձգվեց, որովհետեւ սպանդանոցները չէին կառուցվել, եւ գործադիրը ստիպված եղավ մի քանի անգամ հետաձգել վերջնաժամկետը:
Միեւնույնն է, խնդիրն այս պահին էլ դեռ կարգավորված չէ, կան ահազանգեր, որ միսը սպանդանոցային պարտադիր մորթի գրեթե չի ենթարկվում: Հիմա հերթը գազաբալոնները պարտադիր փորձարկման ենթարկելու մասին օրենքինն է: Այս դեպքում սահմանվել է վերջնաժամկետ՝ օգոստոսի 1, սակայն արդեն երեք օր է, ինչ գազաբալոնների վկայագրման կայաններում իսկական քաոս է. մեծ հերթեր են, մարդիկ չեն հասցրել փորձաքննության ենթարկել գազաբալոնը:
Այս հարցի ուղիղ պատասխանատուն՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, հեռվից լուռ հետեւում է իր կողմից ստեղծած շիլաշփոթին. չի հաշվարկվել, թե քանի ավտոմեքենա կա, քանի կայան կա, որը կարող է փորձաքննության ենթարկել գազաբալոնը, եւ ինչքան ժամանակ է պետք սպասարկելու համար: Բացի այս, պարզվում է՝ այս կառույցը չի համագործակցել գազալցակայանների հետ, որովհետեւ լցակայանները թվային համակարգին միացված չեն, որով կպարզեն՝ գազաբալոնը վկայագրված է, թե ոչ:
Այսինքն՝ քաղաքացիներին կառավարությունը մղում է ապօրինությունների: Բացի այս, եթե գործադիրը օրենքն ընդունել է՝ օրենքի հիմքում դնելով անվտանգությունն ու մարդկանց կյանքին սպառնացող վտանգը, ապա փաստացի հերթի մեջ գտնվող քաղաքացու մեքենայի բալոնը, Աստված մի արասցե, կարող է մի օր պայթել: Իսկ ո՞վ է կրելու պատասխանատվություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ադրբեջանցիները խանդավառ կերպով իրենց հարկի տակ կընդունեն Արսեն Թորոսյանին
- «Ժողովուրդ». Ինքնագլորների մասին միամտորեն կարծիք հայտնող իշխանավորներն անմեղի հայացք ընդունելու իրավունք պարզապես չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան