Եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն է տարածել, որում ասվում է․
«Ս․թ․ օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ահաբեկելու, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի սողացող օկուպացման ծրագրավորված քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ նմանօրինակ ագրեսիայի և հրադադարի խախտման դեպքեր են հանդիսանում այս տարվա մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը Փառուխ գյուղի ուղղությումբ, 2020 թվականի դեկտեմբերին 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ձեռնարկված գրոհը, որոնք նույնպես գտնվում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:
Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։
Ինչպես հստակ սահմանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար:
Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա և եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին, անհապաղ ջանքեր գործադրել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված պայմանների իրագործման, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձման ուղղությամբ:
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք կետերի չկատարման պատճառը Ադրբեջանի կողմից դրանց կամայական մեկնաբանություններն են, շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները:
Հայաստանի Հանրապետությունը, ևս մեկ անգամ վերահաստատելով իր հավատարմությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին, միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և գործողությունները կասեցնելու և դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում ու դիմում է ամենատարբեր լկտիությունների․ Գեղամ Ստեփանյան
- Կոչով դիմել եմ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին․ ՀՀ ՄԻՊ
- Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել․ ԱՀ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան