«Խոսող կտավներ»՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկեց «Խոսող կտավներ» ներառական նախագիծը՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նախագծի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ներգրավել արվեստի աշխարհ։
Թանգարաններում, որպես կանոն, արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցող մարդու համար հենց շոշափելիքի զգայարաններն են պատուհան ծառայում՝ տեսնելու աշխարհը։ Նախագծի շրջանակներում հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն է ընձեռվում պատկերացում կազմելու արվեստի գործերի վերաբերյալ։
Առաջին անգամ ստեղծվել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից 5 գլուխգործոցների՝ Սարյան, Մինաս, Գրիգոր Խանջյան, Սարգիս Մուրադյան, «Սևանի տիրամայրը», շոշափելի կրկնօրինակներ, որոնք բնօրինակների հետ մեկտեղ կցուցադրվեն թանգարանում։ Կտավներն ուղեկցվելու են մանրակրկիտ ներկայացվող մեկնաբանություններով։
«Մեզ համար կարևոր օր է, այսօրվա մեր ցուցադրությունը տարբերվում է նախկինում արած մեր բոլոր ծրագրերից ու ցուցահանդեսներից։ Այսօրվանից առաջին անգամ 17-20-րդ դարերի հայկական կերպարվեստի հինգ կարևորագույն գլուխգործոցներ լիարժեք հասանելի են դառնալու նաև տեսողության խնդիրներ ունեցող մեր այցելուների համար»,- ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճենը թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն նկարի մեջ զանազանել պատկերները, բնորդների դիմագծերն ու հագուստը, բնանկարների, ճարտարապետական կոթողների դետալները։
Յուրաքանչյուր շոշափելի կտավ ուղեկցված է տիֆլոմեկնաբանություններով և Բրայլի այբուբենով արված ցուցանակով, ինչպես նաև ձայնագրված մեկնաբանությամբ, որտեղ հնչում է կտավի հակիրճ նկարագրությունը։
Այսպիսով, «Խոսող կտավներ» նախագիծը հնարավորություն է տալիս տեսողությունից զուրկ մարդկանց դիպչել հայ նկարիչների գլուխգործոցներին, իսկ թանգարանի մյուս այցելուներին՝ բացահայտել մի իրականություն, որում ապրող մարդիկ արտաքին աշխարհի մասին տեղեկություն ստանում են միայն լսողության և շոշափելիքի զգայարանների շնորհիվ։