Այս ուստարում բուհ է ընդունվել 9729 դիմորդ
2022-2023 ուստարվա ընդունելության քննություններն ավարտվել են, ամփոփվել են հիմնական և լրացուցիչ փուլերը: Ասուլիսում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանն ասել է, որ այս տարի ևս կիրառվել է «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքը, ինչը նշանակում է՝ դիմորդն առաջին փուլում հայտագրում է մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը: Դրական միավորներ հավաքած, սակայն հիմնական փուլը չհաղթահարած դիմորդներին լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը:
«Այս տարի միասնական քննությունները բոլոր բուհերում սահմանված են եղել միասնական չափանիշներով՝ 2 միասնական քննության պարտադիր պահանջով, ինչպես նաև նույն մասնագիտությունների համար նույն մուտքային պայմաններով»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:
Ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն, բուհերին հատկացված էր 22.000 տեղ՝ պայմանավորված ՀՀ-ում գործող բուհերի լիցենզավորված տեղերի քանակով: Այս տարի հայտագրված դիմորդների թիվն էր՝ 13.887, որից միասնական քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար:
Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900՝ վճարովի, 258-ը՝ անվճար: Թափուր տեղերը հիմնականում ոչ պետական բուհերում են, որոնց հատկացված է եղել 7500 տեղ, որից համալրվել է 131-ը:
Լ. Գրիգորյանի գնահատմամբ, թափուր տեղերի թիվը պայմանավորված է նաև այս տարվա միասնական քննությունների 2 քննության պահանջով:
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատ դիմորդների թվով առաջնագծում էին մի քանի հիմնական մասնագիտություններ՝ Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Հանրային կառավարում, Կիրառական մաթեմատիկա և այլն: Նախորդ տարվա համեմատ կրկին թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն, առաջնային են, սակայն ցածր գրավչություն ունեն և նույնիսկ անվճար տեղերի համար դիմողներ չեն եղել: Դրանք հիմնականում բնագիտական մասնագիտություններն են՝ Քիմիա, Աշխարհագրություն, Երկրաբանություն, Քիմիական տեխնոլոգիաներ»,- ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ասուլիսում ասել է Լուսինե Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հումանիտար-հասարակագիտական մասնագիտությունների ոլորտում ևս թափուր տեղեր կան: Նա առանձնացրել է Մանկավարժական համալսարանում Սուրդոմանկավարժություն, Մշակութաբանություն, Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ և այլ մասնագիտությունները:
Պատկերն ընդհանրական է գրեթե բոլոր բուհերի համար:
«Ագրարային համալսարանում այս տարի ընդունվել է 40 դիմորդ: Թափուր տեղերը գերակշռում են այնպիսի մասնագիտություններում, ինչպիսիք են՝ Մեքենասարքավորումների ճարտարագիտություն, Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն, Պարենամթերքի տեխնոլոգիա, Կենդանագիտություն և այլն»,- ասել է բանախոսը:
Տնտեսության կարիքների հիմքով՝ որոշակի վերլուծություններ են արվել Էկոնոմիկայի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում՝ տարորոշելու շուկայի պահանջարկը: Արդյունքում՝ թվարկված մասնագիտությունները պահանջված են, բայց դիմորդներին չեն գրավում:
Մյուս կողմից ԲՏԱ նախարարության հետ աշխատելիս պարզ է դառնում, որ չնայած այդ ոլորտում մեծաքանակ դիմորդների՝ բազմաթիվ աշխատատեղեր կան:
«Պատճառները առանձին չեն ուսումնասիրվել, բայց փորձում ենք այլ գերատեսչությունների հետ որոշակի վերլուծություն ունենալ՝ վեր հանելու դրանք, հասկանալու՝ ինչու թվարկված մասնագիտությունները չեն համալրվում: Հիմնական պատճառներից են իրազեկվածության ցածր մակարդակը, վերջնարդյունքների մասին հանրակրթական դպրոցներում տեղեկացվածության պակասը, բուհերի կրթական ծրագրերի մասին տեղեկության բացակայությունը: Այս առումով մեծ աշխատանք ունեն անելու թե՛ բուհերը, թե՛ գործատուները»,- ասել է բանախոսը:
Նա հավելել է, որ Ագրարարային համալսարանում, օրինակ, ենթակառուցվածքները բարելավվել են, կան նոր լաբորատորիաներ, սակայն ցածր իրազեկվածության պատճառով դիմորդները քիչ են:
Այն հարցին, թե արդյոք թափուր տեղերը պայմանավորված են բարձր վարձավճարներով, Գրիգորյանը տեղեկացրել է, որ էական բարձրացումներ չեն եղել՝ հատկապես բնագիտական մասնագիտություններում: Ի լրումն՝ նա նշել է, որ անցած տարվա համեմատ դիմորդների թիվն աճել է:
Ըստ Լուսինե Գրիգորյանի, այսօր կրթական քաղաքականության առանցքում է դպրոցներում մասնագիտական կողմնորոշմանն ուղղված գործընթացի իրականացումը, դպրոց-բուհ կապի ամրապնդումը՝ լուսաբանելու՝ ինչպիսի հնարավորություն է տալիս աշխատաշուկան տվյալ մասնագիտությամբ թեկուզ վարձատրության առումով: Նրա գնահատմամբ՝ հետագայում բարձր աշխատավարձ ունենալու մղումն է նաև կանխորոշում մասնագիտական ընտրությունը:
Այս իրավիճակում ԿԳՄՍ նախարարությունը շահագրգիռ դերում է: «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում», որը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում, մանրամասն նկարագրված է ներկա վիճակը և կրթության որակը բարելավող քայլերը: Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում դրան հետևելու է գործողությունների ծրագրի իրականացումն առանձին քայլերով և ժամկետներով:
Էկոնոմիկայի նախարարությունը ևս ռազմավարություն է մշակում՝ ուղղված տնտեսության և գյուղատնտեսության զարգացմանը, որտեղ դեր ունի նաև ԿԳՄՍ-ն:
Հեռակա ընդունելության կարգի փոփոխություն
Ըստ բանախոսի, ներկայացված նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվել է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` առաջարկվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման (այդ թվում՝ համապատասխան կայքի միջոցով առցանց տարբերակով), ընդունելության քննությունների և մրցույթի անցկացման գործառույթը փոխանցել ԳԹԿ-ին։
Մինչ այս պահը քննությունն անցկացնում էր բուհը, հին կարգով նախատեսվում էր համագործակցություն ԳԹԿ-ի հետ, թեստերի բովանդակային մասով որևէ բան չի փոխվել, միայն կազմակերպչական հարցերում:
Փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, կազմակերպչական, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։ Նախորդ կարգավորումներով դիմորդները քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհում: Փոփոխությունները պայմանավորված են բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներով և միասնական մոտեցում ձևավորելու մոտեցմամբ:
Ակնկալվում է, որ նոր կարգավորումը գործընթացն առավել արդյունավետ և կանոնակարգված դարձնելու հնարավորություն կտա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին