Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը պայմանավորվել են ակտիվորեն օգտագործել երկաթուղին
Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը պայմանավորվել են ակտիվորեն օգտագործել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու բոլոր հնարավորությունները: Այս մասին գրում է Jnews-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովին։
Նորովը մամուլի ասուլիսներ է տվել Տաշքենդում Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքիայի արտաքին գործերի, էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարների առաջին հանդիպման արդյունքների վերաբերյալ։
Նրա խոսքով, երեք երկրներն էլ պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել՝ լիովին իրացնելու համագործակցության ներուժը տնտեսության, առևտրի, ներդրումների և տրանսպորտի, այդ թվում՝ բոլոր տեսակի տրանսպորտային և տարանցիկ հաղորդակցությունների ոլորտներում։
Նա նշել է, որ նախատեսվում է ակտիվորեն օգտագործել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու, Թուրքիայի և Ադրբեջանի միջազգային նավահանգիստների, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքների բոլոր հնարավորությունները։