Քեզ հարմարավետ ես զգում այն թիմում, որտեղ ավելի շատ ես խաղում․ Շաղոյանը՝ ԲԿՄԱ տեղափոխության մասին
Ժիրայր Շաղոյանն օրերս վերադարձավ այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր. 2021 թվականին հենց ԲԿՄԱ-ի կազմում ցուցադրած տպավորիչ խաղի արդյունքում Շաղոյանը հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական, նորամուտը նշեց ԱԱ 2022-ի ընտրական փուլի՝ Իսլանդիայի հավաքականի դեմ հաղթական խաղում և 6 հանդիպման մասնակցեց Ազգային թիմի կազմում՝ թողնելով բավականին լավ տպավորություն: Վերջին անգամ, սակայն, Շաղոյանն Ազգային թիմի մարզաշապիկը կրել է 2021 թվականի սեպտեմբերին:
21-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալու ԲԿՄԱ-ի կազմում, նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ-Արմենիային»: Այս տեղափոխության վերաբերյալ որոշման, պատճառների, հետագա անելիքների և Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին ArmSport-ը զրուցել է ֆուտբոլիստի հետ։ Հարցազրույցը՝ ստորև․
-Սկսենք նրանից, թե ինչպես ստացվեց ԲԿՄԱ վերադարձդ։
-Ես ցանկացա վերադառնալ ԲԿՄԱ, քանի որ «Արարատ-Արմենիայում» այնքան խաղաժամանակ չէի ստանում, որքան ինձ հարկավոր է, որ հրավիրվեմ ազգային հավաքական։ Որպես երիտասարդ ֆուտբոլիստ՝ ես ինձ լավ չէի զգում այդքան քիչ խաղաժամանակ ստանալով, ինձ չի թվում, որ ես պիտի դաշտում հայտնվելու քիչ ժամանակ ստանամ՝ անկախ թիմի անունից։ Չնայած նրան, որ մարզիչները նոր էին ու չի բացառվում, որ խաղաժամանակս ավելանար, կարծում եմ՝ հենց այդպես էլ կլիներ, բայց «Արարատ-Արմենիայի» դեպքում մի փոքր այլ է․ քանի որ չեմպիոնության խնդիր կա, եթե մի խաղ լավ հանդես չգաս, հնարավոր է՝ 3-4 խաղ սպասես։ Իսկ ես մի տարի, կոպիտ ասած, կորցրել էի և չէի ուզում, որ այս տարի էլ նույնը կրկնվեր՝ ինչ-որ վատ խաղից հետո մի քանի խաղ ստիպված լինեի սպասել։
ԲԿՄԱ-ն ինձ միշտ շանս է տալիս, թեկուզ վատ խաղից հետո փորձել ավելի լավ խաղալ և դա ինձ ավելի է ոգեշնչում, որ ավելի լավ, ավելի վստահ հանդես գամ ու դաշտում ավելի հանգիստ լինեմ։
-Դու քեզ ԲԿՄԱ-ո՞ւմ ես տանը զգում, թե՞ «Արարատ-Արմենիայում»։
-Չեմ ուզում երկու թիմերի մեջ տարբերություն դնել, երկուսն էլ լավ թիմեր են, բայց ֆուտբոլիստի համար կարևորը խաղալն է, այդ պատճառով կարող ես քեզ ավելի հարմարավետ զգալ այն թիմում, որտեղ ավելի շատ ես խաղում։