Էրի՛կ ջան, մենք քեզ պարտք ենք քո երազած զարգացող, մրցունակ, գիտահեն հայրենիքը․ Արմինե Պետրոսյան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հերոս Էրիկ Գևորգյանի ծննդյան 25-ամյակի առթիվ կազմակերպված հուշ-երեկո։ Այս մասին տեղեկանում ենք «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։
«Պիտի այլ կերպ լիներ՝ Շենգավիթի իրենց տոհմական տան բակում պիտի գցվեին լի սեղանները, դրանց շուրջ պիտի հավաքվեին ընկերներն ու ազգականները, Ռուբեն պապը պիտի բաժակ բարձրացներ, ու ավանդական իմաստուն կենացները պիտի հաջորդեին իրար։ Քչախոս, ազնիվ, պատվախնդիր մարդկանց այս արդար ընտանիքում կենացներն իրենց իրական քաշը չեն կորցնում երբեք՝ բառն արժեք ունի, այն գործողության նախադուռ է։
Էրիկը պիտի լուռ լսեր պապին, հորը՝ Արմենին, կենաց-կենաց գինովցող ընկերներին ու պիտի ժպտար իր ծով աչքերի ծայրերով։ Էրիկի ժպիտը․․․
․․․ Մեկ այլ կերպ եղավ․ օժտված, տաղանդաշատ, ինտելեկտուալ երիտասարդը՝ ապագայի փայլուն մասնագետն ու քաղաքացին, իր կյանքը նվիրեց Արցախի պաշտպանության գոյամարտին։
Հրետանավոր լեյտենանտ Էրիկի Գևորգյանն իր կյանքը ԳԻՏԱԿՑԱԲԱՐ զոհաբերեց՝ փրկելով իր դասակի զինվորի կյանքը։
Խոնարհվում ենք նրա խնկելի հիշատակի առաջ։
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտիքի և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի շրջանակում արդեն 3-րդ անգամ Էրիկ Գևորգյանի անունը կրող կրթամրցանակներ է շնորհում ֆիզիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներին։ Հենց նրանք էլ եկել էին շնորհավորելու և իրենց երախտագիտությունն արտահայտելու Էրիկի ընտանիքին։
(Տեսանյութը մեզ է տրամադրել Լիանա Գևորգյանը, ինչի համար շնորհակալ ենք։ Ափսոս, այն լրիվ չէ, և երիտասարդ ֆիզիկոսների խոսքը չի տեսագրվել)։
․․․ Էրի՛կ ջան, մենք քեզ պարտք ենք քո երազած զարգացող, մրցունակ, գիտահեն հայրենիքը։
Կարոտելու և ապրեցնելու ենք քեզ»,- գրել է Պետրոսյանը։
Էրիկի կյանքի և սխրանքի մասին այստեղ։
Տեդսանյութը՝ Արմինե Պետրոսյանի էջից։
Հարակից հրապարակումներ`
- Երբ կփորձեն համոզել՝ մեր ժողովուրդն «արժանի է այս քաոսին, հիշեք՝ Էրիկին, Գևորգին... Արմինե Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան