Պաշտոնապես արձանագրեմ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինծառայող չկա. Փաշինյան
«2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության երրորդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ռուս խաղաղապահ ուժերը: Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, և մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժնումները դուրս բերվեն»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերադառնալով ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային, նա ասաց. «Պիտի կրկնեմ, որ, մեր կարծիքով Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար: Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ:
Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020-ի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար և հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել ու եռապատկել»։
Փաշինյանի խոսքով, որքան էլ քննադատվի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ-ի անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված:
«Նախ, Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտկագույն խախտում են:
Երկրորդը, արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, երրորդը, Լաչինի միջանցք, որն ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ։ Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»:
Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով:
«Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժշտությունն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում բոլոր ռազմական գործողություններ ի դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,-ասաց Փաշինյանը»,- ասաց նա:
Նա նշեց նաև, որ Ադրբեջանը շահարկում է ԼՂ-ում Հայաստանի ԶՈՒ ներկայությունը:
«Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Արցախում ՌԴ խաղաղապահներին համ գովում է, համ մեղադրում է
- Հենց վերջին ՀՀ զորակոչիկներին կապիտուլյանտները հանեցին Արցախից, թուրքերն անցան հարձակման. Վարուժան Գեղամյան
- Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ Հայաստանից Արցախ զորակոչված զինծառայողների զորացրում է իրականացվել. Տիգրան Աբրահամյան