Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները՝ ՄԱՄ Գլխավոր ասամբլեայի մասնակիցներ
Օգոստոսի 2-ին Կորեայի Հանրապետության Պուսան քաղաքում մեկնարկել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 31-րդ գլխավոր ասամբլեան։ Այն կրում է «Աստղագիտությունը բոլորի համար» խորագիրը և կտևի մինչև օգոստոսի 11-ը։ Գլխավոր ասամբլեային, որն ընթանում է հիբրիդային ձևաչափով, մասնակցում են ավելի քան 1700 աստղագետներ աշխարհի 83 երկրից։
Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները նույնպես մասնակիցների թվում են։ ԲԱ տնօրեն և ՀԱԸ գործող նախագահ Արեգ Միքայելյանը, գիտաշխատողներ Հայկ Աբրահամյանը, Գոռ Միքայելյանը, կրտսեր գիտաշխատող Նաիրա Ազատյանը հանդես կգան զեկուցումներով և գիտապաստառներով։ Մասնակիցների թվում են նաև Հայաստանի ներկայացուցիչ Արմինե Փաթաթանյանը, ով հանդիսանում է ՄԱՄ Աստղագիտությունը զարգացման համար գրասենյակի աշխատակից և ԱՄՆ ներկայացուցիչ երիտասարդ գիտնական Եվա Գևորգյանը։
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ համաձայն 2022թ-ի Գլխավոր ասամբլեայի ծրագրի՝ նախատեսվում է 7 գիտաժողով և 10 թեմատիկ խորհրդակցություն։ Կլինեն նաև զեկուցումներ աստղագիտության ոլորտի պատվավոր մրցանակակիրների կողմից։
ՄԱՄ Գլխավոր ասամբլեաներն անցկացվում են յուրաքանչյուր 3 տարին մեկ և տևում մոտ 2 շաբաթ։ ԲԱ-ն ՄԱՄ Գլխավոր ասամբլեաներին է մասնակցում դեռևս 1948 թվականից։ Գիտաժողովները ՄԱՄ կարևորագույն գիտական հանդիպումներ են, որոնք նպատակ են հետապնդում զարգացնելու աստղագիտությունը՝ զբաղվելով ժամանակի ծառացած հարցերի ուսումնասիրմամբ։ Իսկ թեմատիկ խորհրդակցությունների ժամանակ ՄԱՄ անդամներին են ներկայացնում գիտական թեմաներ՝ նպատակ ունենալով առաջ քաշել նոր գիտական գաղափարներ և զարգացնել նոր ոլորտներ։