Զելենսկին Շրյոդերին մեղադրել է Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ուղղակի զզվելի» է անվանել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի այցը Մոսկվա: UNIAN-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։ Նրա կարծիքով՝ գերմանացի քաղաքական գործիչը, իբր, աշխատում է Ռուսաստանի համար և հանդիսանում է նրա էմիսարներից մեկը։
«Ընդհանուր առմամբ, ուղղակի զզվելի է, երբ եվրոպական արժեքներ կրող հզոր պետությունների նախկին ղեկավարներն աշխատում են Ռուսաստանի համար»,-ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի տեսակետից Շրյոդերի խոսքերը, թե Մոսկվան կողմ է ուկրաինական ճգնաժամը բանակցությունների միջոցով լուծելուն, իբր չեն համապատասխանում իրականությանը։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը «չի ցանկանում» երկխոսություն, և ուկրաինական կողմը պետք է շարունակի պայքարը։
Շրյոդերը Մոսկվա էր այցելել հունիսի վերջին՝ իր արձակուրդի շրջանակներում՝ հանդիպելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է Եվրամիությունում տիրող էներգետիկ ճգնաժամը։ Միաժամանակ, Գերմանիայի նախկին կանցլերը վստահեցրել է, որ Պուտինի հետ խոսել է նաև Ուկրաինայի մասին։