Եկեք ուշադիր լսենք Փաշինյանին՝ նրա ասածներում միշտ կա հաջորդ պարտության բանաձևը
«Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանի ցանկացած պահանջ առանց հակապահանջի կատարող Փաշինյանն այսօր, երբ Արցախի Հանրապետությունից դուրս է բերել ՀՀ ուժերը, փաստորեն՝ հրաժարվել Արցախից՝ ակնարկելով խաղաղապահների գործողությունների ճիշտ կամ սխալ լինելը Ադրբեջանի հարձակման պարագայում, հանկարծ հիշեց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, թե՝ «կոպիտ խախտում են».
«Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Կողմերի, այսինքն՝ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»։
Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որեւէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել ենք եւ հիմա էլ առաջարկում ենք դա անել, այսինքն հաստատել եռակողմ ֆորմատով պլան։
Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է: Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել»:
Նա հայտնեց, որ Հայաստանը սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը, ենթադրաբար, պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն. «Կրկնում եմ, եռակողմ հայտարարության մեջ խոսքը միայն ճանապարհի կառուցման մասին չէ։ Պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն ԼՂ էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ»:
Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե Հայաստանը փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից։
«Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային՝ դեռեւս հունիսի 27-ին իմ ունեցած ասուլիսի ընթացքում: Ավելին՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց», - ասաց Փաշինյանը։
Ըստ նրա, Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը, այսինքն Ադրբեջանն այսօր մի խնդիր ունի՝ վերացնել եռակողմ հայտարարությունն ու խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից։ Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը պետք է կատարի իր երեք պարտավորությունները՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված ԼՂ միավորի գոյությունը, պիտի հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունն ու պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ ԼՂ կապն ապահովող կարևորագույն ինստիտուտն է։
Նկատեք, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չի ասում Արցախի Հանրապետություն։
«Ադրբեջանը պարտավոր է իր ստորագրությամբ արձանագրված այս իրողությունները հարգել, եթե ոչ, ուրեմն մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկումով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները»,- ասում է Փաշինյանը, ով գերիների վերադարձի պահանջի մասին իսպառ մոռացել էր և ընդամենը երկու օր առաջ հենց այնպես թշնամուն վերադարձրեց սահմանախախտ օրերս «մոլորված ադրբեջանցի զինծառայողին»։
Փաշինյանի խոսքով՝ ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան, սակայն, «ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի», շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
«Մենք պետք է աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,- հայտարարեց թիմակիցը Արսեն Թորոսյանի, ով ադրբեջանական «Վազմեզդիեից» մի օր առաջ հրապարակավ գրել էր, թե ավելի լավ է ուղղակի ապրել, քան թե մեռնել, ինչ է թե պատմության մեջ մնալ որպես ազգ ու պետություն։
Ինչպես է Փաշինյանը լարվածություն թուլացնելու, երբ իր ձախ թևը առաջարկում է հանրությանը մի կերպ ապրել՝ ցանկացած պայմաններով խաղաղության մեջ՝ անհասկանալի է։
Ու այստեղ Փաշինյանը բացում է ևս մի փակագիծ՝ թե «Հայաստանն ամեն օր պատրաստ է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ ապահովել, բայց Ադրբեջանն է, որ չի օգտվում ընձեռած հնարավորությունից».
«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան՝ հենց այսօր։ Նախորդ տարվանից մենք ունենք սահմանապահ ու մաքսային կետ, մենք Ադրբեջանին ասել ենք՝ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ։
Ադրբեջանն այսօր կարող է մի քանի կետերով հատել Հայաստանի սահմանն ու երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։
Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, ու մենք երաշխավորում ենք երթևեկության անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի, Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներում էլ կարող ենք դա ապահովել։ Ադրբեջանն այս ընթացքում ոչ մի անգամ չի օգտվել, չի էլ փորձել օգտվել, չկա դեպք, որ իրենք գան ու ասեն, որ ուզում են հատեն և մենք խոչընդոտենք, բայց էլի եմ ասում՝ դա պիտի լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ու վերջում էլի Փաշինյանը իր պատկերացրած «խաղաղության օրակարգն է խցկում». «այս բոլոր գործողությունները հենց խաղաղության օրակարգի դեմ են ուղղված, բայց մենք այդ օրակարգից չենք հրաժարվելու, չենք շեղվելու»։
Իբր՝ իրենց փաշինյանական օրակարգը տարբերվում է Ադրբեջանի օրակարգից։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ն անհանգստացած է Արցախում իրավիճակի սրմամբ
- Վերջին օրերի դեպքերը մեկ անգամ ևս փաստում են՝ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է
- Պաշտոնապես արձանագրեմ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինծառայող չկա. Փաշինյան
- Փաշինյանը Արցախում ՌԴ խաղաղապահներին համ գովում է, համ մեղադրում է
- Գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ
- ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
- Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը. Աբրահամյան
- Ադրբեջանը հայտարարել է Արցախի Հանրապետությունում «Վազմեզդիե» գործողության մասին
- Հրամանագիր՝ Արցախում մասնակի զորահավաք հայտարարելու մասին
- Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում. Տիգրան Աբրահամյան
- Հենց վերջին ՀՀ զորակոչիկներին կապիտուլյանտները հանեցին Արցախից, թուրքերն անցան հարձակման. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան