Մոսկվան չի տեսել Արցախում ռուս խաղաղապահների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկները. Սերգեյ Լավրով
Ռուսաստանը դեռ չի տեսել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկները: Կամբոջայի Պնոմպեն քաղաքում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում լրագրողներին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է քննարկել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ուստի հիմա չեմ կարող կռահել»,- ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ պատասխանելով Փաշինյանի՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հստակեցման հրատապ անհրաժեշտության մասին հայտարարություններին մեկնաբանելու խնդրանքին։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ կողմերից ցանկացածը, ում պայմանավորվածությամբ ձեռք են բերել համաձայնությունները՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ։
«Մենք առաջարկներ դեռ չենք տեսել»,-նշել է Լավրովը։
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Փաշինյանն ասել էր. «2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր: 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»,-:
Միաժամանակ Փաշինյանը հավելել էր, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունն ու գործունեությունը արցախահայության անվտանգության ապահովման առանցքային գործոն է, և Հայաստանը բարձր է գնահատում
Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը ապահովելու գործում։
Նրա խոսքով, Երևանն ակնկալում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը կճնշի Լեռնային Ղարաբաղում շփման գծի խախտման ցանկացած փորձ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան