Պրահայում բացվել է «Հայաստան.Ժառանգության, ավանդույթների և տաղանդի երկիր» ցուցահանդեսը
Պրահայի 6-րդ շրջանի քաղաքապետարանի ցուցասրահում բացվել է«Հայաստան. Ժառանգության, ավանդույթների և տաղանդի երկիր» լուսանկարչական ցուցահանդեսը։ Միջոցառման կազմակերպիչներն էին Չեխիայում Հայաստանի դեսպանությունը և Պրահա 6-ի քաղաքապետարանը։
orer.eu-ի հաղորդմամբ, ներկաներին ողջունել է Պրահա 6-ի քաղխորհրդի անդամ, տեղական զարգացման գծով խորհրդական Էվա Սմուտնան, որը կարևորել է այս ցուցահանդեսի բացումը ոչ միայն տեղեկատվական, այլև հայ և չեխ ժողովուրդների միջև պատմական ու մշակութային կամուրջ ստեղծելու առումներով։ Նա ասել է, որնման ցուցահանդեսները կրճատում են երկրների միջև եղած հեռավորությունը, և հնարավորություն է ստեղծվում մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությանը։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանին այս ցուցահանդեսը կազմակերպելու և լուսանկարները տրամադրելու համար։
Իր ողջույնի խոսքում Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը անդրադառնալով հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը, նշել է, որ իբրև քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած ժողովուրդ, հայերը մեծ նշանակություն են տալիս մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը։ Դեսպանն ասել է, որ դա մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի ինքնության պահպանման համար։
Ցուցահանդեսի բացմանը երաժշտական համարներով ներկաներին ողջունել ոն Պրահա 6-ի առեւտրական ակադեմիայի ուսանողներ Մոնիկա Ֆիլիպովան եւ Մարտին Լեշկան։
Բացման արարողությանը ներկաեն եղել Չեխիայի սենատի փոխնախագահը, պատգամավորներ, սենատորներ, դեսպաններ, մշակույթի գործիչներ, լրագրողներ։
Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 20-ից ավելի հայկական հուշարձանների լուսանկարներ, հայ մշակույթն ու ավանդույթները ներկայացնող վահանակներ, կգործի մինչև օգոստոսի 30-ը։