Ռուս խաղաղապահների հետ կապված հայկական կողմի մտահոգությունները 2021-ին գրավոր փոխանցվել են ՌԴ ղեկավարությանը. ՀՀ ԱԳՆ
«Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»,- այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ ի պատասխան ՌԴ նախագահ Սերգեյ Լավրովի հայտարարություն։
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր: 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»։
Միաժամանակ Փաշինյանը հավելել էր, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունն ու գործունեությունը արցախահայության անվտանգության ապահովման առանցքային գործոն է, և Հայաստանը բարձր է գնահատում
Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը ապահովելու գործում։
Նրա խոսքով, Երևանն ակնկալում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը կճնշի Լեռնային Ղարաբաղում շփման գծի խախտման ցանկացած փորձ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ի պատասխան Փաշինյանի հայտարարության, մասնավորապես ասել էր. «Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է քննարկել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ուստի հիմա չեմ կարող կռահել»։
Հարակից հրապարակումներ`
- Գոնե որ ռուս եք ասում, հետևից թուրք էլ ասեք
- Փաստացի Փաշինյանն ասում է, որ մի քանի երաշխիքների դեպքում պատրաստ է ՊԲ ն լուծարել, սարքել, օրինակ, լիմոնադի ցեխ. Մանգասարյան
- Եկեք ուշադիր լսենք Փաշինյանին՝ նրա ասածներում միշտ կա հաջորդ պարտության բանաձևը
- Փաշինյանը Արցախում ՌԴ խաղաղապահներին համ գովում է, համ մեղադրում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան