Համահայկական hայագիտական օլիմպիադան միավորել է 50 հայ պատանիների աշխարհի տարբեր անկյուններից
Աղվերանում մեկնարկել է Համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի (7 երկրներ) աշակերտական խմբեր (50 պատանի)։ Այն կտևի մինչև օգոստոսի 11-ը:
Համահայկական օլիմպիադան 2003 թվականից պետական ծրագրի շրջանակում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող միջոցառում է, որը խրախուսում է արտերկրում բնակվող հայ երեխաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը, օգնում նրանց ճանաչել Հայաստանը և ավելի շատ սիրել հայրենիքը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:
Օլիմպիադայի առանձնահատկություններից է այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում նաև 14-18 տարեկան այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներին:
2020-2021 թթ. նախատեսված համահայկական հայագիտական և բնագիտական օլիմպիադաները չեղարկվել էին COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով: Հաշվի առնելով երկու տարվա ընդմիջումը՝ այս տարի այն անցկացվում է ստուգատեսի ձևաչափով:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագրում, բացի մրցույթներից, նախատեսված են ուսուցողական, ժամանցային միջոցառումներ: Երեխաները կայցելեն Օշական՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզման, և Աղձք՝ Արշակունիների դամբարան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին