«Զվարթնոց»-ը դարձնել երաժշտական մշակութային յուրօրինակ վայր
ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների և պատմամշակութային հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկվել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված առաջարկները։ Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հանրապետության հրապարակի բարեկարգման շինարարական աշխատանքների ընթացքում ստորգետնյա հատվածում հայտնաբերված քանդված շենքերի նկուղային հարկաբաժինների հնարավոր ցուցադրության ու հանրությանը հասանելի դարձնելու առաջարկները:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանի՝ «Զվարթնոց» համալիրի տարածքում տուրիզմի զարգացմանն ուղղված յուրահատուկ միջոցառումների մշակման և կազմակերպման գլխավոր նպատակն է հետաքրքրություն առաջացնել ոչ միայն տեղացի, այլև օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում: Միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ:
Աշխատանքային խմբի անդամներն առաջարկել են համագործակցել «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հետ, Օպերային թատրոնի մենակատարների, երաժիշտների, երգչախմբի մասնակցությամբ կազմակերպել ժամանակակից մոտեցումներով ներկայացումներ, որոնք «Զվարթնոց»-ը կդարձնեն երաժշտական մշակութային յուրօրինակ վայր:
Օրակարգային մյուս հարցի վերաբերյալ աշխատանքային խմբի որոշ անդամներ առաջարկել են ապակե ցուցափեղկի տակ ցուցադրել նկուղային հարկաբաժինները, որի միջոցով յուրաքանչյուր զբոսաշրջիկ հնարավորություն կունենա ծանոթանալու պատմամշակութային ժառանգությանը: Ըստ այլ առաջարկների՝ պետք է տարածքը դեռևս փակ պահել:
Հանդիպման ավարտին որոշվել է մշակել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված փառատոների կազմակերպման և հետագայում այն իրականացնելու նպատակով հայեցակարգային ծրագիր՝ հաշվի առնելով միջազգային փորձը, և ներկայացնելու ու հաստատելու համար կազմակերպել լրացուցիչ քննարկում:
Հանրապետության հրապարակի ողջ տարածքում պահպանված և 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժինների ցուցադրության իրականացման հնարավորությունները կքննարկվեն նաև հետագայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին