Հուսիկ Արայի «Կորած սերունդ»-ը դրվել է ընթերցողի սեղանին
Ժամանակակից գրող Հուսիկ Արայի «Կորած սերունդ»-ը դրվել է ընթերցողի սեղանին։ Գիրքն ամփոփում է Հուսիկ Արայի՝ 1988-2021 թթ. գրված բանաստեղծություններն ու պոեմները թեմատիկ ընտրությամբ, որ Ազգային զարթոնքի, Արցախյան ազատամարտի, վերակերտած խորհրդանիշների և մեր ոգու բանաստեղծական անդրադարձն է: Ժողովածուն կազմվել է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով: Այն լույս է ընծայել «Անտարես»-ը, խմբագիրը Արքմենիկ Նիկողոսյանն է։ Գրքի ստեղծմանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։«Անտարես»-ից հայտնում են, որ գիրքը նվիրված է ականավոր պատմաբան, հայագետ Արտակ Մովսիսյանի հիշատակին։
«Մեր պատանի տարիքում հանդիպեցինք և դարձանք երեք ընկեր՝ ես, դու, Կարենը։ Քայլում էինք Երևանի փողոցներում, իսկ առջևից մեր տեսլականն էր գնում՝ անկախ, հզոր, Հայաստանը։ Կարեն Ավետիսյանը զոհվեց 1990 թվականի մարտի 22-ին մեր ազատամարտում՝ մեր անկախության համար։ Դու ամրագրեցիր մեր ազատությունը՝ վստահեցնելով, որ հազարամյակների խորքից ենք գալիս և վաստակել ենք նոր հազարամյակներ գնալու իրավունքը։ Ես մեր նոր անկախությունը, վերակերտած պետականությունը, որ Արցախյան ազատամարտով էինք նվաճել, գրեցի բանաստեղծություն։ Ճիշտ եմ համարում մեր անկախության և գոյապայքարի 30-ամյակի առիթով հրատարակվող այս գիրքը, քո թույլտվությամբ, ընծայագրել քեզ։ Ինչպես իմ առաջին և քո առաջին գրքերն էին ընծայագրված Կարենին։ Այս գրքում կրկին միասին ենք՝ ես, դու, Կարենը։ Քայլում ենք Երևանի փողոցներում, իսկ մեր առջևից գնում է մեր տեսլականը՝ ինքնիշխան, հզոր Հայաստանը»,-գրքում նշում է Հուսիկ Արան։
Բանաստեղծ Հուսիկ Արան աշխատել է «Գարուն» ամսագրում և «Գրական թերթ»-ում, Հայաստանի հանրային ռադիոյւմ վարել է «Գրական հանդիպում» հեղինակային հաղորդաշարը։
Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մարդու որդիները», որ անկախության շարժումն ու արցախյան ազատամարտն է ամփոփում, տպագրել է 1996թ., երկրորդ գիրքը` «Լուսանցքի մարդիկ», որ ընկճված քաղաքն է պատերազմից հետո, տպագրել է 2003թ., բանաստեղծություների երրրոդ գիրքը` «Սևագրություններ» վերնագրով, տպագրել է 2004թ., որի համար 2005թ. արժանացել է Երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2010թ. տպագրել է էսսեների և ակնարկների գիրքը` «Անիծվածները», որի համար Հայաստանի գրողների միության կողմից արժանացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի: Իսկ 2011թ. «Միայնակ շան լուսնահաչը» վիպակի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակի, որ տրվում է անտիպ գեղարվեստական արձակին:
2012թ. հանդես է եկել երկու գրքով` «Աստծու հետ խոսելու ժամանակը» (բանաստեղծական ժողովածու), «Միայնակ շան լուսնահաչը» (արձակ): 2013թ. հեղինակել է «Ազատության հրապարակ» բանաստեղծությունների ժողովածուն: 2008թ. արժանացել է Պարույր Սևակի, 2012թ.՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակների։ «Ազատության հրապարակ», «Տան դուռը», «Երևան քաղաք», «Եվ սերը ասաց» և այլ գրքերի հեղինակ է
Հարակից հրապարակումներ`
- Մեզ սպասվում է նոր ցեղասպանություն, Արցախի, Հայաստանի լիարժեք կորուստ, եթե այս իշխանությունները մնան. Հուսիկ Արա
- Նիկոլ Փաշինյանն արդարացման որևէ տեղ չունի. Հուսիկ Արա
- Հուսիկ Արայի սիրային պոեզիան մրցանակի է արժանացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին