Օպերային երգչուհի Անի Ղուշչյանը եվրոպական բեմերում
Հայազգի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Անի Ղուշչյանը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանում՝ Ախալցիխե քաղաքում:
Ավարտելով Թբիլիսիի N104 հանրային դպրոցը, երաժշտական տաղանդով օժտված Ղուշչյանն ուսումը շարունակել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժինը: Կոնսերվատորիան ավարտելուց հետո Ղուշչյանը վերադարձել է ծննդավայր, սովորել և ավարտել է Վանո Սարաջիշվիլու անվան Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան:
«Հենց թբիլիսյան տարիներին էլ մասնակցեցի Էրասմուս+ ծրագրին, որի արդյունքում հնարավորություն ստացա սովորելու Լատվիայի՝ Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայում, ապա Գերմանիայում՝ Լյուբեկի երաժշտական ակադեմիայում»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել է Ղուշչյանը:
Երիտասարդ երգչուհին դժվարանում է հստակ ասել, թե ինչու է ընտրել այս մասնագիտությունը, սակայն հիշում է՝ որոշումը կայացնելու ժամանակ ընդամենը 16 տարեկան էր.
«Միգուցե դա կապ ունի իմ ընտանիքի հետ, քանի որ հայրս քահանա է Վիրահայոց թեմում, և ես մանկուց մասնակցել եմ եկեղեցու և հայ համայնքի միջոցառումներին, երգել եմ Թբիլիսիի Սուրբ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցու և Սուրբ Էջմիածնի եկեղեցու երգչախմբերում, նաև մենակատար եմ եղել վիրահայոց թեմի հովանու ներքո գործող Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում»,-պատմել է Ղուշչյանը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։